Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
- Հանդիպել են Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
«Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առաձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։