ՀՀ կառավարության որոշմամբ 1.2 մլրդ դրամ հատկացվեց ՀՀ ԱԻՆ-ի վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ փրկարարական ջոկատները հիմնականում գտնվում են 60-70-ականների կառուցած տիպային շենքերում, որոնք բավական հնամաշ են: Դրանից բացի, տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60-ից ավելի տոկոսը, ԶԻԼ 130, ԶԻԼ 131 մակնիշի Խորհրդային ժամանակների արտադրության մեքենաներ են:
«Դա ազդում է աշխատանքի որակի վրա արագ սպասարկման, արագ արձագանքման տեսանկյունից, ինչպես նաև դրանք ծախսատար են, քանի որ, կարելի է ասել, ամեն օր տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև վառելիքային ծախսեր են առաջանում»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ հրշեջ փրկարարական ջոկատների տեղակայման վայրերը բարելավելու խիստ անհրաժեշտություն կա:
«Երբ նկատի ենք ունենում հիմնանորոգում, դա նշանակում է, որ այդտեղ հին գույք պետք է չլինի: Եթե այցելել եք այդ տարածքներ, ապա տեսած կլինեք, թե ինչ վիճակ է: Դա պետության համար հանդուրժելի չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյան՝ հավելելով, որ ավտոպարկի 12.5 տոկոսը կթարմացվի:
Տեխնիկայի թարմացման նպատակով Հայաստանը աջակցություն է ստացել նաև Ճապոնիայի կառավարությունից: