ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության ելքը և այն դիրքորոշումը, որից ընթանալու են խաղաղ բանակցությունները, կախված են տեղում իրավիճակից և մարտի դաշտում ուկրաինացի զինվորականների հաջողություններից։ Ուստի արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները կշարունակեն Կիևին զենք մատակարարել և ֆինանսական օգնություն ցուցաբերել, ասել է Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում։
«Ամենայն հավանականությամբ, այս պատերազմը ինչ-որ փուլում կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ այս բանակցությունների արդյունքը սերտորեն և հիմնովին կապված է մարտի դաշտում ուժի հետ: Ուստի բանակցությունների միջոցով խաղաղ լուծման առավելագույն հավանականությունն ապահովելու լավագույն միջոցը ուկրաինացիներին մարտադաշտում աջակցելն է»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։