fbpx
Քաղաքականություն

Միրզոյանը և Ռիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն են:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիաների հետևանքների վերացման և Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման հրամայականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ