fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կոչ է անում լիովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ներառյալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունները

ԱՄՆ-ն տարբեր մտահոգություններ ունի՝ կապված հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի հետ, և այդ մտահոգություններից մեկը վերաբերում է Լաչինի միջանցքին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով խնդիրների լուծման համար ուղիղ երկխոսության կարևորությունը:

«Մենք հույս ունենք տեսնել ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի Հայաստանը և Ադրբեջանը վաղուց բաժանող խնդիրների լուծման, և այդ երկխոսության միջոցով, հուսանք, տևական խաղաղություն կհաստատվի: Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի հետ. մենք դա անում ենք երկկողմանի, մենք դա անում ենք գործընկերների հետ, մենք դա անում ենք բազմակողմ ինստիտուտների միջոցով: Անցյալ տարի նույնպես մի քանի անգամ առիթ ունեցել ենք դա անել եռակողմ: Մենք անելու ենք այն ամենն, ինչ ամենաարդյունավետն է այս շատ զգայուն հարցերին լուծում տալու համար», – ասել է Փրայսը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ դիվանագետը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին:

«Մեզ մտահոգում է, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը եղել է ոչ միայն պետքարտուղարի, այլև այս հաստատությունում գտնվող մյուսների ուշադրության կենտրոնում: Լաչինի միջանցքի երկայնքով նորմալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունների շարունակվող խոչընդոտումը սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս է առաջացնում բնակիչների համար, ովքեր այդ հիմնական պաշարների համար կախված են տվյալ միջանցքից: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը», – ասել է դիվանագետը:

Նեդ Փրայսը նաև ընդգծել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը լուծելու կարևորությունը:

«Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, ներառյալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունները։ Կարծում ենք, որ այս փակուղային իրավիճակի համար հարկավոր է լուծում, որը կապահովի տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը, և մենք կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը, ինչպես ավելի վաղ ասացի, բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք մնում տևական խաղաղությանն աջակցելուն», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ