Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է և մոտեցել է 20000-ի, մինչ այժմ մահացել է 19388 մարդ, ավելի քան 77000-ը՝ վիրավորվել։ Այս տեղեկությունը հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ, հաշվի առնելով այլ երկրների փրկարարների օգնությունը, աղետի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 141 հազար մարդ։
Թուրքիան ընդունել է երկրաշարժից հետո 95 երկրների օգնության առաջարկը։ Արդյունքում որոնողափրկարարական աշխատանքներին միացել է 6,5 հազար օտարերկրյա փրկարար։
Fitch վարկանիշային գործակալությունը գնահատում է, որ երկրաշարժերի տնտեսական վնասը կգերազանցի 2 միլիարդ դոլարը և կարող է հասնել 4 միլիարդ դոլարի կամ ավելի:
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ դառնալով 1939 թվականից ի վեր ամենաուժեղը։ Ուժեղ հետցնցումներ են զգացվել երկրի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Կայսերիում, Ադանայում, Մերսինում և Հաթայում։ Բացի այդ, երկրաշարժեր են գրանցվել Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և մի շարք այլ երկրներում։