ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի հայտարարել է, որ ժամանակն է բարեփոխել ինչպես Անվտանգության Խորհուրդը , այնպես էլ Բրետոն-Վուդյան համակարգը՝ դրանք «այսօրվա իրական աշխարհին» համապատախանեցնելու համար, տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Հիրոսիմայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ երկու ինստիտուտն էլ արտացոլում են 1945 թ․ ուժերի հարաբերակցությունը և նորացման կարիք ունեն։
«Գլոբալ ֆինանսական ճարտարապետությունը հնացել է, դարձել է դիսֆունկցիոնալ և անարդար,- ասել է նա։- COVID-19 համավարակով և Ուկրաինա ռուսաստանյան ներխուժումով պայմանավորված տնտեսական ցնցումների դիմաց այն չկարողացավ կատարել սոցիալական պաշտպանության գլոբալ համակարգի իր հիմնական գործառույթը»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել է նաև այն մասին, թե ինչպես, իր կարծիքով, G7-ի գագաթնաժողովում զարգացող երկրների շրջանում աճել է այն բանի գիտակցումը, որ բավարար քայլեր չեն արվում հնացած ինստիտուտների բարեփոխման կամ Գլոբալ Հարավի «հիասթափության վերացման» համար։
Հնդկաստանի տնտեսությունն այս և հետագա տարիներին աճելու է ավելի քան 6%-ով, տեղեկացրել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։
2023 թվականին համաշխարհային տնտեսական աճի մոտ 50%-ը բաժին կհասնի Չինաստանին ու Հնդկաստանին՝ միասին վերցրած, հայտարարել է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ և հետազոտական վարչության տնօրեն Պյեր-Օլիվյե Գուրինշասը։
Հարուստ G7-ի տնտեսական ազդեցությունը կրճատվել է վերջին 30 տարում՝ կազմելով, ըստ ԱՄՀ-ի տվյալների, 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի 29,9%-սը, 1980-ի 50,7%-ի համեմատ։
«Հիմա մենք կարող ենք տեսնել ինչպիսին է այստեղ՝ Հիրոսիմայում անցկացված քննարկումների ազդեցությունը,- ասել է Գուտերեշը։- G7-ի անդամները կարողացան բանակցություններ վարել աշխարհի զարգացող տնտեսություն ունեցող առավել կարևոր երկրների հետ»։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հրավիրված էին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։