fbpx
Աշխարհ

ԼՂ շրջափակման նպատակը ցեղասպանությունն է՝ զանգվածային տեղահանման կամ զանգվածային սովի միջոցով. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը վշտացած է քառասունամյա Կ.Հովհաննիսյանի վախճանի լուրից, որը 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով, ինչի մասին վկայում են դատաբժշկի զեկույցները՝ նշված է ինստիտուտի հայտարարության մեջ:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող Արցախի շրջափակումը պատճառ է դարձել աճող թերսնուցման, վիժումների և բժշկական բարդությունների՝ բավարար սնուցման և բժշկական օգնության հասանելիության բացակայության պատճառով: Այժմ շրջափակումը սկսել է հանգեցնել սովից Արցախի հայ քաղաքացիների մահվան։

Այս շրջափակումը ցեղասպան է իր նպատակադրմամբ, այն է՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը զանգվածային տեղահանման կամ զանգվածային սովի միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է այդ մասին, այդ թվում՝ 2023 թվականի մայիսի 29-ի իր հայտարարության մեջ»,- հիշեցրել է Լեմկինի ինստիտուտը:

Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և այլ ղեկավարներ անպատժելիության մթնոլորտ են ստեղծել Ալիևի համար և ուղղակի պատասխանատվություն են կրում Կ.Հովհաննիսյանի մահվան, ինչպես նաև ցանկացած այլ անձի համար, որը կարող է մահանալ շրջափակման հետևանքով:

«Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ընդգծում է, որ Արցախի շրջափակմանը սատարող անձինք և պետությունները, լինի դա ուղղակի արտաքին օգնության միջոցով, թե դիվանագիտական գործիքների օգտագործման պասիվությամբ, նույնպես պատասխանատվություն են կրում ցեղասպանության համար և այս ոճրագործությանը մեղսակից լինելու համար կարող են դատական պատասխանատվության ենթարկվել։ Միջազգային ղեկավարների հրատապ գործողություններն անհրաժեշտ են Արցախում նոր մահերի կանխարգելման և ադրբեջանական շրջափակման հետևանքով ցեղասպանությանը դիմակայելու համար»,- նշել են ինստիտուտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ