Հավելյալ պաշտպանական ծախսերի մասին օրինագծի շրջանակում հակամարտություններից տուժածներին հումանիտար աջակցությանն է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Մեթյու Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարությունը լրացուցիչ միջոցներ նախատեսո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց աջակցելու համար:
«Ներկայացված լրացուցիչ հայտում և Սենատի ընդունած օրինագծում մարդասիրական օգնության կետ կա: Միացյալ Նահանգները կարող է դա օգտագործել տարբեր տարածաշրջաններում հակամարտություններից տուժածների կարիքներին արձագանքելու համար»,- նշել է Միլլերը:
Ճեպազրույցի ընթացքում նաև հարց է հնչել՝ արդյոք Պետքարտուղարությունը նախատեսո՞ւմ է հանդիպումներ անցկացնել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ քննարկելու Հարավային Կովկասում զարգացումները: «Պետքարտուղարության օրակարգի մասով նորություններ չկան»,- պատասխանել է Միլլերը: