fbpx
Գիտություն

Մասկը հայտարարել է, որ 2025-ին Tesla-ում կսկսեն մարդանման ռոբոտներ կիրառել

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ հաջորդ տարի ընկերությունը կարտադրի «իսկապես օգտակար» մարդանման ռոբոտներ, որոնք կաշխատեն իր գործարաններում։

X-ի իր էջում Մասկը գրել է, որ հույս ունի նաև ընդլայնել մարդանման ռոբոտների արտադրությունն ու այն հասցնել այնպիսի մակարդակի, որ 2026-ին արդեն կարողանան դրանք վաճառել այլ ընկերությունների։

Մասկը, որին պատկանում է X-ը և որը նաև SpaceX-ի ղեկավարն է, նախկինում համարձակ պնդումներ է արել այն մասին, թե երբ Optimus կոչվող ռոբոտը պատրաստ կլինի կոմերցիոն օգտագործման համար:

2021-ին Մասկը, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 250 միլիարդ դոլար, ասել էր, թե ակնկալում է, որ հաջորդ տարի այս ռոբոտը պատրաստ կլինի Tesla-ի գործարաններում օգտագործման համար:

2022-ին մի միջոցառման ժամանակ Մասկը, որը պնդում էր, թե Tesla-ի ռոբոտների բիզնեսը մի օր ավելի թանկ կարժենա, քան իր մեքենաների բիզնեսը, ցուցադրել էր ռոբոտի նախատիպ, որը քայլում էր բեմի վրա և ձեռքով անում հանդիսատեսին:

Ավելի ուշ ցուցադրվել էր տեսանյութ, թե ինչպես է ռոբոտը արկղ տեղափոխում, բույսեր ջրում և մետաղյա ձողեր տեղափոխում ավտոարտադրողի գործարանում:

Մասկը նաև նախկինում ասել է, թե իր նպատակն է, որ ռոբոտների զանգվածային արտադրություն սկսի և որ յուրաքանչյուրի արժեքը չգերազանցի 20,000 դոլարը։

Optimus ռոբոտի հասակը մոտ 1,7 մետր է և կշռում է 56 կգ։ Այն նախատեսված է «ձանձրալի, կրկնվող և վտանգավոր» աշխատանք կատարելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ