fbpx
Քաղաքականություն

Բացում նախաձեռնության հայտարարություն. Արցախի դեմ ցեղասպան ագրեսիայի համապարփակ գնահատականներ

Young boy with Armenian flag standing in front of the Russian army

Բացում նախաձեռնության հայտարարություն. Արցախի դեմ ցեղասպան ագրեսիայի համապարփակ գնահատականներ

Արցախի հակամարտությունը խորն արմատներ ունի: 20-րդ դարի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշ տարածքներ դարձան վիճելի: 1921 թվականին Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը բռնակցեց Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ որպես ինքնավար մարզ: ԽՍՀՄ փլուզման ժամանակ, Արցախում հայերից ազատվելու նպատակով, ադրբեջանական կողմը գնաց վայրագությունների և Արցախի հայ ժողովուրդն իր ինքնորոշման հարցը բարձրացրեց, որին հաջորդեց պատերազմը: Պատերազմի ընթացքում Արցախը հռչակեց իր անկախությունը։ Պատերազմը շարունակվեց մինև 1994 թ.։ Արցախը de facto անկախ էր, սակայն միջազգայնորեն չճանաչված: 2020 թ.-ի պատերազմն էապես փոխեց իրավիճակը, իսկ այս օրը՝ 2023 թ.-ի սեպտեմբերի 23-ին Արցախից մասսայաբար բռնագաղթեցին հայերը։

Մեր նպատակն է այս հայտարարությամբ ներկայացնել մանրամասն ու հստակ գնահատական այն դերակատարներին, որոնց սխալ որոշումներն ու անգործությունը թույլ են տվել շարունակել Ադրբեջանի ղեկավարության և իրենց հովանավորների ցեղասպանական քաղաքականությունը:

 

Ալիևյան Ադրբեջանը

Ադրբեջանի կառավարությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, իրականացրեց՝

-Լաչինի միջանցքի շրջափակում՝ խախտելով 1994 թ.-ի և 2020թ.-ի զինադադարները,

-Առհամարհեց Միջազգային քրեական դատարանի վճիռը՝ բացել միջանցքը,

-2023 թ.-ի սեպտեմբերին ռազմական հարձակում գործեց Արցախի վրա,

-Արցախի հայ բնակչության բռնի տեղահանություն իրականացրեց՝ ուղեկցված սպանություններով, առևանգումներով, գերեվարումներով և ունեզրկումներով։

Այս գործողությունները մարդկության դեմ հանցագործություն են, որոնք միջազգային հանրության տարբեր շերտերում բորոշվում են որպես բռնի էթնիկ զումներ: Գործողությունները, ըստ միջազգային քրեական իրավունքի, սահմանվում են՝ ցեղասպանություն, քանզի այն հայ ազգության դեմ է իրականացվել, որի մասին հայտարարել է Ադրբեջանի բռնապետը։

 

Միջազգային կազմակերպությունները

-ՄԱԿ-ը սահմանափակվել է մտահոգության հայտարարություններով,

-Եվրամիությունը չի կիրառել պատժամիջոցներ, հակառակը՝ լայնամասշտաբ էներգետիկ ծրագրեր է նախաձեռնել Ալիևի կառավարության հետ,

-ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահողների շահերի բախվածությունը անգործության է մատնել միակ լեգալ կառույցի գործունեությունը, որը զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ։

Միջազգային արդարադատության դատարանի որոշումը՝ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, մնացել է անկատար:

 

Ռուսաստանի ռեժիմը

-Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարել իրենց պարտավորությունները:

-Չեն կանխել Լաչինի միջանցքի շրջափակումը,

-Չեն միջամտել 2023 թ.-ի սեպտեմբերի հարձակման ժամանակ,

Հետապնդել են սեփական աշխարհաքաղաքական շահերը։

Ռուսաստանը, իր ստանձնած առաքելությունը չկատարելով, մեղսակից է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը։

 

Հայաստանի իշխանությունը

-Դիվանագիտական ջանքերը չեն բերել շոշափելի արդյունքների,

-Ռազմական աջակցությունը Արցախին չի եղել,

-Կատարվել են իրավունքների անհարկի զիջումներ։

Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներառյալ՝ խորհրդարանական ընդդիմությունը և այդ երկու հիմնական կողմերի սատելիտները կրում են բանակցությունները տապալելու, միջազգային հանրության ճշմարտությունը չներկայացնելու և Արցախի կորստի պատասխանատվությունը։

 

Արցախի ղեկավարությունը

-Չեն կարողացել ապահովել բավարար պաշտպանություն,

-Չափազանց հույս են դրել ռուսական աջակցության վրա,

-Չեզոքացրել են քաղաքացիական հասարակության ուժը և մսխել հանրային դիմադրողականությունը։

Արցախի իշխանությունը կրում է պետական քաղաքականության տապալման և Արցախը հանձնելու ամբողջ պատասխանատվությունը։

 

Սփյուռքը և ներքին տարաձայնությունները

Սփյուռքի հայ համայնքները կարևոր դեր են խաղացել՝ բարձրացնելով Արցախի հարցը միջազգային ասպարեզում: Սակայն եղել են նաև խնդիրներ.

-Մեծամասնությունը մնացել են անկազմակերպ, պասիվ կամ չեզոք,

-Եղել են պառակտիչներ, որոնք գործել են անձնական կամ խմբակային շահերից ելնելով ու տապալել ձևավորվող բռունցը։

-Որոշ խմբեր ակտիվորեն աջակցել են Արցախին՝ կազմակերպելով ցույցեր և հանգանակություններ,

Այս բազմազանությունը բնական է, սակայն հիմնականում թուլացրել է հայ ժողովրդի համատեղ ջանքերը:

 

Հոգեբանական ազդեցությունը

Հակամարտությունը խորը հետք է թողել հայ ժողովրդի վրա՝

-Տեղահանված անձինք կանգնած են հոգեբանական տրավմայի առջև,

-Սփյուռքի համայնքներում նկատվում է հուսահատություն և զայրույթ,

-Հայաստանում կա վախ պետության ապագայի նկատմամբ։

Օրհասական է դարձել հայ ժողովրդին միավորող գործընթացների ձեռնարկումը և լավագույն գալիքի հանդեպ հույսի ու հավատի վերականգնումը։

 

Իրավական հեռանկարները

Կան մի շարք իրավական հնարավորություններ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին՝

-Միջազգային քրեական դատարան. Հնարավոր է հետաքննություն սկսել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ,

-Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Կարելի է դիմել անհատական բողոքներով,

-ՄԱԿ-ի ԱԽ, ԵՄ, ԵԱՀԿ ՄԽ. Հնարավոր է պահանջել պատժամիջոցներ։

Մենք հաստատակամ ենք մեր անվերապահ աջակցությունը ցուցաբերել վերոգրյալ գործերում։

 

Մենք կոչ ենք անում բոլորին բռունցքվել մեր ջանքերի շուրջ.

 

Միջազգային հանրությանը՝

-Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ,

-Պահանջել անկախ քննություն Արցախում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման վերաբերյալ,

-Բացել Լաչինի միջանցքը և ապահովել անվտանգ վերադարձ տեղահանված անձանց համար։

 

Հայաստանի կառավարությանը և ընդդիմադիրներին՝

-Դիմել միջազգային դատարաններ,

-Մշակել երկարաժամկետ ռազմավարություն Արցախի հարցի լուծման համար,

-Աջակցել տեղահանված անձանց կարիքների ոչ միայն նյութական, այլև բարոյահոգեբանական բավարարմանը, այդ թվում՝ ապահովել ներառականություն և ինտեգրացիա։

 

Սփյուռքի համայնքներին՝

-Կազմակերպել համակարգված լոբբիստական արշավներ՝ կապ պահելով մեզ հետ,

-Հանգանակել միջոցներ հումանիտար օգնության համար,

-Բարձրացնել իրազեկվածությունը սոցիալական մեդիայի և միջազգային լրատվականների միջոցով։

 

Անհատներին՝

-Կապվել ձեր տեղական և արտասահմանյան պատգամավորների ու ազդեցիկ մարդկանց հետ և նրանց դրդել գործել հայկական շահերին համապատասխան,

-Մասնակցել մեր կազմակերպած առցանաց կամ ֆիզիկական միջոցառումներին,

-Ինտենսիվ տարածել ճշգրիտ տեղեկատվություն սոցիալական ցանցերում և օֆֆլայն հարթակներում

 

Արցախի ճակատագիրը դեռ վճռված չէ: Միասնական ջանքերով մենք պարտավոր ենք հասնել արդարության և խաղաղության:

 

Բացում նախաձեռնությունը մեկ տարի անց արձանագրում է՝ Լաչինի միջանցքի բացման և ամբողջական շրջափակումից հետո հումանիտար բեռի անցկացման նպատակներին չհասավ, սակայն իր փոքրաթիվ անդամների հսկայական ջանքերով կարողացավ արցախցիների ձայնը հասցնել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ազդեցություն ունենալ, որ ՀՀ կառավարությունը ի վերջո դիմի ՄԱԿ ԱԽ միջանցքի բացման հարցով, չնայած պառակտիչներին՝ կարողացավ մասնակիորեն համախմբել սփյուռքում գործող ակտիվ մարդկանց, փոքրիկ հույս արթնացնել մեր տառապյալ ու ցավի մեջ գտնվող հայրենիքի գալիքի հանդեպ, սակայն մեծամասնությունն այդպես էլ մնաց անհաղորդ իր ճակատագրին։

 

Մենք շարունակելու ենք պայքարել հայ ժողովրդի, այթ թվում՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների համար և ինչպես փորձն է ցույց տվել, ինչքան մեծ է եղել մեզ սատարումը, դրան համարժեք կարողացել ենք ազդել գործընացների վրա։

 

Բռունցքվե՛նք կարևոր գործում:

 

ԲԱՑՈւՄ նախաձեռնություն

[email protected]

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ