Փետրվարի 19-ից մինչ օրս հայաստանցի մասնագետները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:
Փետրվարի 18-ից առ այսօր սիրիացի գործընկերների հետ համատեղ հայաստանցի բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Այս մասին տվյալները ներկայացրել է ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում:
Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին: Մինչ օրս հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում:
Փետրվարի 18-ից առ այսօր, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում: Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակությունը շարունակվում է»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2008881046073466&id=1513184855643090