ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների երկարացման հարցը լուծվելու է Եվրամիության պետությունների ղեկավարների՝ մարտի 21-22-ին կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին մարտի 19-ին հայտարարել է ԵՄ-ի խորհուրդը նախագահող Ռումինիայի եվրոպական գործերի նախարար Ջորջե Չյամբան՝ ԵՄ-ի խորհրդի՝ ընդհանուր հարցերին նվիրված նիստին ժամանելուց հետո:
«Այդ որոշումը պետք է ընդունեն ԵՄ-ի ղեկավարները: Եվ ամեն ինչ կախված կլինի երկարացման պատճառներից: Եթե Մեծ Բրիտանիան ինչ-որ բան է խնդրում, նա պետք է որոշի, թե ինչի համար է դա խնդրում»,- ասել է նա:
Չյամբան հավաստել է, որ ԵՄ-ի խորհրդի նիստում հանրակցության եվրոպական գործերի նախարարները պատրաստելու են գագաթնաժողովի օրակարգը, սակայն հրաժարվել է հաստատել, որ նախարարները քննարկում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների երկարացման տարբեր սցենարներ:
«Մենք այսօր մտադիր ենք իրադրության վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմել բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է նա:
Չյամբան, այնուամենայնիվ, հաստատել է, որ ԵՄ-ի խոորհուրդը պատրաստվում է վատագույն սցենարին՝ առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, բայց հուսով է, որ կհաջողվի համաձայնագրի հասնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: