fbpx
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված բազմամյա համագործակցությանը, որն ընդգրկում է եկեղեցաշինական, կրթական և սոցիալական զանազան ծրագրեր: Մասնավորապես կարևորվեցին ՀԲԸՄ-ի աջակցությամբ տարիներ շարունակ համատեղ իրականացվող Հայորդյաց տների ու բարեգործական ճաշարանների գործունեությունն ու դրանց ընդլայնման հնարավորությունները:

Գարեգին Բ Հայրապետը և տիար Պերճ Սեդրակյանը խոսեցին նաև Հայոց Եկեղեցու և Միության կողմից Սփյուռքի համայնքներում իրականացվող ազգօգուտ ծրագրերի մասին, որոնք միտված են Սփյուռքում համայնքային կյանքի աշխուժացմանը և ազգային ինքնության պահպանությանն ու զարգացմանը:

ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետից հետաքրքվեց Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության ընթացքի մասին: Նորին Սրբությունը ընդհանուր գծերով ներկայացրեց կատարված աշխատանքները` տեղեկացնելով, որ տաճարի ներքին վերականգնման աշխատանքները, եկեղեցասեր բարերարների աջակցությամբ, ծրագրվում է ավարտել 2020 թվականին:

Խոսելով հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման գործում կարևորեցին սփյուռքի հավատավոր մեր ժողովրդի մասնակցությունը: Այս իմաստով շեշտվեց Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համահայկական ներուժի` հայրենիքի ապահովությանն ու բարօրությանը ծառայեցնելու կարևորությունը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը վերահաստատեցին իրենց հանձառությունը Հայոց Եկեղեցու և ՀԲԸՄ համատեղ ծրագրերով և գործակցությամբ շարունակել ջանքեր ներդնել հանուն Հայաստանում և սփյուռքում ազգային միասնության ամրապնդման, հայապահպանության և ազգային-հոգևոր արժեհամակարգի ու ավանդույթների անաղարտ պահպանման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ