Այսօր կայացել է Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը: Ժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նախ ողջունեց բոլորին, ապա նշեց, որ իր համար մեծ պատիվ է այս փառապանծ շենքում և դահլիճում ելույթ ունենալը: «Բոլորս գիտենք, թե Գիտությունների ազգային ակադեմիան ինչպիսի հարուստ պատմություն ունի և կարող ենք ենթադրել, որ այս շենքում համաշխարհային և հայկական պատմության ինչպիսի փառապանծ էջեր են գրվել», – ասաց վարչապետն իր խոսքում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երրորդ հանրապետության ստեղծման օրից կա այն բանավեճը, թե ինչ են ուզում պետությունը և հասարակությունը գիտությունից և հակառակը:
«Այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտությունը: Ես գիտեմ, թե ինչ է ուզում: Մենք հայտարարել ենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունենք, որ ԳԱԱ-ն ողջ թափով կսպասարկի այս տեսլականը: Կանխավարկածը այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինասավորվում, բայց կառավարությունում ես առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսակցությունից: Երբ որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե թե ինչքան փող կա, այլ թե ինչ խնդիր ենք լուծում և ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը և արդյո՞ք կարող ենք լուծել այդ և, եթե չենք կարող, ինչ կարող ենք առաջարկել դրա լուծման համար: Կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի», – նշեց վարչապետը:
Վարչապետը նաև անդրադարձավ մի շարք կարևոր հիմնախնդիրների. ինչքանո՞վ է ինտեգրված գիտությունը կրթության հետ, մասնավորապես բարձրագույն կրթության հետ: Վարչապետը նշեց, որ ցավոք մեր գիտական համակարգը կտրված է կրթականից և փորձելու են հնարավորինս շատ ինտեգրել հետազոտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ:
Մյուս կարևոր հիմնախնդիրներն են, թե ինչքանո՞վ է գիտակրթական համակարգը ինտեգրված Հայաստանում ռազմավարական համակարգի ձևավորման պրոցեսում, ինչքանո՞վ է ինտեգրված տնտեսությանը, զինված ուժերի և բանակի հետ:
«Վերադառնալով ֆինանսավորման թեմային՝ հարկ եմ համարում, որ շատ կարևոր և սկզբունքային փոփոխություններ պետք է տեղի ունենան ֆինանսավորման փիլիսոփայության մեջ: Այսօր արդեն կառավարությունը հենց գիտության ոլորտում ունի կոնկրետ ծրագրային առաջարկներ, և այդ առաջարկների ֆինանսավոման գումարի համար ոչ մի կոպեկ չկար, բայց քանի որ ծրագրի հեղինակները համոզիչ կերպով են ներկայացնում, թե ինչքան օգտավետ ծրագիր է, փողը ինքն իրեն հայտնվում է»:
«Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պետք է հաղթի», – եզրափակեց իր խոսքը ՀՀ վարչապետը: