Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ վարչակազմի որոշումը: Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:
Ավելի վաղ նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են Պարսից ծոցի այլ երկրներ, այդ թվում՝ Կատարը և Քուվեյթը:
«Գոլանի բարձունքների նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը չի փոխվել: Դրանք, միջազգային որոշումների համաձայն, արաբական սիրիական բռնազավթված տարածքներ են, և այլ իրականություն պարտադրելու բոլոր փորձերը իրականում ոչինչ չեն փոխի»,-նշվում է հաղորդագրության մեջ: էր Ռիադն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի որոշումը «ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի բացահայտ խախտում է»: Թագավորության համոզմամբ, այս որոշումը բացասական լուրջ հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքի իրադրության խաղաղ կարգավորման, տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: