fbpx
Կառավարություն

Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, բայց այլևս տնօրեն չէ

Մենք բազմիցս և՛ գրավոր, և՛ բանավոր խնդրել ենք պարոն Օրբելյանին, որ հրաժարվի կա՛մ գեղարվեստական ղեկավարի, կա՛մ տնօրենի պաշտոնից, բայց նա հրաժարվել է մեր հանձնարարականը կատարելուց։ Նախարարն էլ, հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ կա օրենքի խախտում, նույն օրենքի հիման վրա դադարեցրեց պարոն Օրբելյանի լիազորությունները որպես տնօրեն։

Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը:

Կոնստանտին Օրբելյանը Օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի: ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք: Իրավաբանի խոսքով՝ տնօրենը կարող է համատեղ միայն ստեղծագործական, գիտական կամ մանկավարժական աշխատանք իրականացնել:

«Կոնստանտին Օրբելյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոնից չի հեռացվել, նա շարունակում է մնալ որպես գեղարվեստական ղեկավար: Միայն տնօրենի լիազորություններն են կասեցվել: Շատ լավ կլինի, եթե նա որպես գեղարվեստական ղեկավար շարունակի գործունեությունը այդ թատրոնում: Բայց երկուսը մեկում անհնար է, դա օրենքի լուրջ խախտում է: Մենք իրեն բազմիցս ենք ասել, որ կարող է ընտրել կա՛մ տնօրենի, կա՛մ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ հրաժարվելով մյուսից: Չհամաձայնեց, ու քանի որ նախարարը իրավասու է միայն տնօրենի հետ կապված որոշումներ կայացնել, տնօրենի պաշտոնից նրան ազատեց», – ընդգծեց Անուշ Ղազարյանը:

Կոնստանտին Օրբելյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել 2017 թվականին՝ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով: Իրավաբանի խոսքերով՝ այդ նշանակումը եղել է օրենքի առնվազն երկու կետի խախտմամբ:

«Նախ, լեզվի մասին օրենքի 3-րդ հոդվածում գրված է, որ պաշտոնատար անձինք պարտավոր են գրական հայերենին տիրապետել, այնինչ Օրբելյանն ընդհանրապես հայերենին չի տիրապետում: Նաև, ինչպես ասացի, տնօրենի պաշտոնի հետ այլ պաշտոն համատեղելու իրավունք չունի»:

Թե ով կլինի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենը՝ Մշակույթի նախարարությունում դժվարացան պատասխանել: Միայն նշեցին, որ այդ մասին հայտարարություն շուտով կլինի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ