Կառավարությունը մերժեց ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ պարտադիր ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ ծառայությունից ազատվելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում:
«Գտնում ենք, որ ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող անձանց շրջանակն արդեն սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, որի համաձայն` զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են անվճար հիվանդանոցային և բժշկական օգնության անվճար բուժման իրավունքից»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը: