88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծագումով վրացի հայտնի կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանիելիան: Ռեժիսորի կինը տեղեկացրել է, որ Դանիելիայի սիրտը կանգ է առել: Այս մասին տեղեկացնում է «Новая газета»-ն:
Ըստ աղբյուրի՝ դեռևս այս տարվա փետրվար ամսին նա թոքերի բորբոքմամբ հոսպիտալացվել էր: Որոշ ժամանակ անց բժիշկները նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք ու շնչառությունը կարգավորելու համար արհեստական կոմայի մեջ էին գցել:
Գեորգի Դանիելիան ծնվել է 1930թ. Թիֆլիսում: Նա «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի սցենարի հեղինակն է: Նկարահանել է ավելի քան 20 ֆիլմ, այդ թվում` դասական համարվող խորհրդային ֆիլմեր` «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա» ու մի շարք այլ հանրահայտ ու սիրված ֆիլմեր:
Դանիելիան արժանացել է կինոոլորտի ամենատարբեր մրցանակների: