fbpx
Իրավական

Ժողովրդավարությունը այն չէ, որ ժողովուրդը որոշի` այս մարդը մնա՞ կալանքի տակ, թե՞ ոչ․ Հայկ Ալումյան

Օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, քանի որ ազատության մեջ լինելով` կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Այս դիրքորոշմանն ի պատասխան` ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ իրեն հետաքրքիր է, թե քանի տարբեր կարծիք պետք է ունենա պետական մարմնի ղեկավարը։

«Օրինակ` այսօր քննիչը այստեղ է, և նա պնդելու է այն տեսակետը, որ պարոն Քոչարյանը, լինելով ազատության մեջ, ոչ միայն չի կարող խոչընդոտել քննությանը, այլ իրենք նաև պնդում են, որ կարող է թաքնվել քննությունից»,- ասել է Հայկ Ալումյանը և շեշտել, որ պետական կառույցների ղեկավարներն իրենց մեջ չեն որոշել, թե ինչ դիրքորոշում հայտնեն:

Պաշտպանը նշում է, որ Քոչարյանը օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ և այդ ընթացքում չի արել որևէ գործողություն, որը իրենից կենթադրեր, որ մտադրություն ունի գործի քննությանը խոչընդոտել կամ թաքնվել քննությունից:

«էդ ամենն ասվում է հանրության մոտ որոշակի տպավորություն ստեղծելու համար: Իրականում իրենցից ոչ մեկն էլ չի համարում, որ պարոն Քոչարյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել կամ թաքնվել քննությունից: Էդ ամեն ինչն արվում է հասարակությանը մոլորության մեջ դնելու համար»,- ասել է Ալումյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ժողովուրդը դեմ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, Ալումյանը պատասխանեց, որ բոլորս էլ հարգում ենք ժողովրդի կարծիքն ու ժողովրդավարությունը:

«Ժողովրդավարությունը այն չէ, որ ժողովուրդը որոշի` այս մարդը մնա՞ կալանքի տակ, թե՞ ոչ»,- շեշտեց Քոչարյանի պաշտպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ