Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն
Ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 650 մլն դրամ
Լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ–ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ–հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր:
Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:
Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել և անցկացրել է` առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի:
ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար` 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլրդ 650 մլն դրամ:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին