fbpx
Մշակույթ

«Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը մշակութային ցեղասպանություն է, և հանցագործը պետք է պատժվի». ԵՀՄՖ-ի պահանջը ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը բարձրաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված իր պահանջի մասին:

Հայտնում ենք, որ 2011-2015 թվականներին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) իրավաբաններն իրավական ակտ էին ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետաքննություն անցկացներ 1998-2006 թվականներին Նախիջևանում`ադրբեջանական իշխանությունների կողմից կանխամտածված կերպով կազմակերպված եւ իրականացված հազարավոր հին հայկական խաչքարերի ոչնչացման շուրջ: Հարկ է նշել, որ նամակներին կից տրամադրվել էր նաեւ University College London-ի գիտական հսկողության ներքո 2007 թվականին իրականացված հետազոտական աշխատանքի հիման վրա գրված՝ մասնագիտությամբ իրավաբան Տաթեւիկ Գրիգորյանի «Մշակութային Ցեղասպանություն. մոռացված դիսկուրս» մենագրությունը, որը հրատարակվել էր ԵՀՄՖ-ի հովանավորությամբ: Աշխատությունում առաջին անգամ տրվել էր «մշակութային ցեղասպանություն» հասկացության իրավաբանական սահմանումը, որի համար հիմք էր հանդիսացել Նախիջևանի Հին Ջուղայում`Ադրբեջանի կողմից պլանավորված և իրականացված հազարավոր հին հայկական խաչքարերի ոչնչացումը:

Ունենալով ակնհայտորեն շահադիտական նպատակներ՝ տիկին Բոկովան հետևողական կերպով մերժում էր ԵՀՄՖ-ի պահանջները, և մեր բազմաթիվ նամակ-բողոքներին անորոշ ու անհեթեր պատասխաններ էին տրվում: ԵՀՄՖ-ը հանդես էր եկել նաև հայտարարությամբ, ըստ որի կային հստակ փաստեր Մեհրիբան Ալիևայի կողմից իրականացված լոբբինգի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու Իրինա Բոկովային փոխանցված 1.5 մլն դոլար գումարի վերաբերյալ: Այնուհետև, ԵՀՄՖ-ի բարձրացրած աղմուկի հետևանքով 2016 թվականին միջազգային ԶԼՄ-ներում հայտնվեցին լուրեր, որ տիկին Բոկովան 2.4 մլն ԱՄՆ դոլար կանխիկ գումարով երկու բնակարան էր ձեռքբերել Մանհեթենում, եւ դրա հետքերը տանում էին Ադրբեջան` Ալիևի վարչակարգի հետ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության կասկածով: Այդ ընթացքում հայտարարվեց մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թափուր հաստիքի համար, որի արդյունքում 2017 թվականի նոյեմբեր ամսին նշանակվեց նոր գլխավոր տնօրեն՝ Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Օդրի Ազուլայը:

Այս օրերին ԵՀՄՖ-ը վերականգնում է իր արշավը Ադրբեջանի դեմ՝ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն տիկին Ազուլային և հայտարարելով, որ պատմության մեջ նմանը չունեցող մշակութային ցեղասպանության դասական օրինակ հանդիսացող այս ոճրագործությունն ավելի մեծ հանցագործություն է, քան նույնիսկ թալիբների կամ ԻՊ-ի կողմից կազմակերպված մշակութային կոթողների ու արտեֆակտների ոչնչացումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված ԵՀՄՖ-ի նամակի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև.

Հարգելի տիկին Ազուլայ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նախևառաջ, ցանկանում եմ նշել, որ ԵՀՄՖ-ը հովանոց կազմակերպություն է, որը ներկայացնում է բազմաթիվ հայկական կազմակերպություններ եւ անհատներ ողջ Եվրոպայում: Օգտվելով առիթից՝ Ձեզ դիմում եմ մի հարցով, որով ԵՀՄՖ-ը 2011 թվականից ի վեր դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն խնդիրն առ այսօր մնացել է չլուծված: Խոսքը վերաբերում է Նախիջևանի Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացմանը:

Ինչպես Դուք անկասկած տեղյակ եք, 1998 թվականից մինչեւ 2006 թվականը Նախիջևանում հազարավոր հնագույն հայ խաչքարեր էին ոչնչացվել: Ոչնչացումն ամբողջական էր՝ այնպես, որ այսօրվա դրությամբ գեթ մեկ կանգուն խաչքար չի մնացել: Հայտնի է, որ ոչնչացումը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանից ջնջելու նպատակով, ինչպես նաև ոչնչացնելու ցանկացած նշան, որը կվկայեր, որ հայերը երբևէ բնակվել են այս տարածաշրջանում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չմիջամտեց, չնայած 2002 եւ 2004 թվականներին Հայաստանի ու միջազգային հանրության ահազանգերին: Բացի այդ, ոչնչացման ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն չուղարկեց հանձնաժողով՝ տեղանքն ուսումնասիրելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարզապես դիտում էր, թե ինչպես էին այդ գեղեցիկ և լիովին յուրահատուկ հուշարձանները ոչնչացվում, որը հանգեցրեց նրան, որ արհեստի ու արվեստի մի ամբողջ ավանդույթ, այլևս ոչ մի այլ վայրում չհայտնաբերվելով և լինելով եզակի միայն Ջուղայում, հավերժ կորսվեց:

Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անտարբեր դիրքորոշումն այս հարցի նկատմամբ հիասթափեցնող և անընդունելի է մի կազմակերպության համար, որի նպատակն ու առաքելությունն է պաշտպանել և պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը: Ավելի հիասթափեցնող է այն, որ այս անտարբերության պատճառը, ամենայն հավանականությամբ, կարող էր պայմանավորված լինել Ձեզ նախորդած տիկին Իրինա Բոկովայի՝ Ադրբեջանի կառավարության և, մասնավորապես, նրա ներկայիս առաջին փոխնախագահ, Մեհրիբան Ալիևայի հետ առկա բացասական ասոցիացիաներով:

Հուսալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վիճակի է իրականացնել իր առաքելությունն առանց որևէ կառավարության կողմից անհարկի քաղաքական ազդեցության, մենք խնդրում ենք, որպեսզի հանձնաժողով ստեղծվի՝ ուսումնասիրելու խաչքարերի ոչնչացումը և պատասխանատվության ենթարկելու հրեշավոր գործուղության համար մեղավորներին:

Նամակին կից ներկայացնում ենք մասնագիտությամբ իրավաբան, University College London-ի շրջանավարտ՝ Տաթևիկ Գրիգորյանի՝ 2007 թվականին գրված «Մշակութային ցեղասպանություն. մոռացված դիսկուրս» մենագրությունը, որն ավելի մանրամասնորեն է անդրադառնում հարցի քննարկմանը:

Հարգանքով`

ԵՀՄՖ նախագահ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ