TIME ամսագիրը հրապարակել է իր՝ «2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ցանկը:
Երաժիշտներ, դերասաններ, մարզիկներ, հասարակական դեմքեր, լրագրողներ, քաղաքական գործիչներ և ավելին հայտնվել են ամենամյա ցանկի այս տարվա համարում:
Շոուբիզնեսի, կինոյի ու արվեստի այլ ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց մասին իրենց կարծիքն են հայտնել իրենց գործընկերները. ուստի` ամսագրի այս համարում ընդգրկված մարդկանցից «Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհի Բրի Լարսոնին ներկայացնում է դերասանուհի Թեսա Թոմփսոնը, Արիանա Գրանդեին՝ Թրոյ Սիվանը, Էմիլիա Քլարքին՝ Էմմա Թոմփսոնը, Քելիդին՝ Ալիշա Քիզը, BTS-ին՝ Հոլզին, Ռամի Մալեքին՝ Ռոբերտ Դաունի կրտսերը, Մահերշալա Ալիին՝ Օկտավիա Սփենսերը, Դուեյն Ջոնսոնին՝ Գալ Գադոթը:
«Վրիժառուները» խմբին նոր միացած Բրի Լարսոնի մասին Թեսա Թոմփսոնն ասել է. « Բրի Լարսոնն իր բնույթով պայքարող է՝ թե էկրանին, թե դրանից այն կողմ: Երբ զբաղված չէ որպես դերասանուհի ռեկորդներ կոտրելով, նա պայքարում է տղամարդկանց և կանանց հավասարության ու սեռական ոտնձգություններին վերջ դնելու համար»:
Էմմա Թոմփսոնը «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Էմիլիա Քլարքին այսպես է նկարագրում. «Նա փոքրիկ առյուծի խիզախություն ունի, Ուելսական պոնիի տոկունություն և ծաղրածուի ոգի»:
Աշխարհը գրաված քեյ-փոփ երաժշտության ներկայացուցիչ BTS-ի մասին էլ երգչուհի Հոլզին, որը նաև վերջերս համագործակցել էր բոյբենդի հետ, նշում է, որ տղաներն ունեն անսահման տաղանդ, ստեղծագործական միտք, բարություն, հմայք ու նվիրվածություն: «Պետք է տեսնեք, թե ինչ սեր ու մեծ ջանքեր են ներդնում այս երիտասարդներն իրենց ամեն ու յուրաքանչյուր քայլում»,- ավարտել է Հոլզին կարծիքը:
Բացի այս աստղերից ցանկում ընդգրկվել են նաև դերասանուհի Գլեն Քլոսը, Ռեջինա Քինգը, Ջոաննա և Չիփ Գեյնսերը, Լուսիտա Հարթադոն, Օզունան, Դրիմ Համփթոնը, Ռիչարդ Մադենը, Յալիցա Ապարացիոն, Քլեր Ուեյթ Քելլերը:
Որպես իկոնաներ ցանկում ընդգրկված են նաև Թեյլոր Սուիֆթը, Միշել Օբաման և Լեդի Գագան:
Մի քանի աստղի համար ներկայացվել է նաև հատուկ հոլովակ, որտեղ նրանք պատմում են իրենց ու այն աշխատանքի մասին, որ անում են: TIME-ի «2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով: