ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։
Նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։
Շուրջ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վարքագծում:
Հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Հանձնաժողովում քննարկման առարկա է հանդիսացել Սանասարյանի հրապարակային այն հայտարարությունները, թե «…ԵՊՀ-ն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս», «…նախնական տվյալներով երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին», «ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն: Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային», «ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ ձեզ, որ այս գործը դատարան է գնալու»:
Հանձնաժողովն արձանագրել է, որ հանրային ծառայությունը հիմնված է որոշակի արժեքների վրա: Մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով պետք է նպաստեն հանրության շրջանում այն համոզմունքի ամրապնդմանը, որ պաշտոնատար անձանց գործունեությունը միտված է հանրային շահի արդարացի սպասարկմանը:
Հանձնաժողովը գտնում է, որ Դավիթ Սանասարյանի վարքագիծը՝ նրա կողմից արված վերը նշված հրապարակային հայտարարությունները և գրառումը չեն նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Ավելի վաղ Դավիթ Սանասարյանը հայտնել էր, որ օրենքով սահմանված կարգով առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ վերոնշյալ որոշման վերաբերյալ։
Տեղեկացնում է armtimes.com-ը: