Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմանկիցների և համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցնրի միջև: Բախմանը մասնակից է եղել նաև Արտակ Հարությունյանը: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին:
Հավաքվածները փորձում էին թույլ չտալ ոստիկաններին բերման ենթարկել բնակիչներին:
Արտակ Հարությունյանի կողմնակիցներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանի ներսում հավաքվածները անհիմն պաշարել և գրավել են մարզպետարանի շենքը և շինծու մեղադրանքներ են հնչեցնում մարզպետի հասցեին. «Մեր կողմը շատ հավասարակշռված իր կարծիքն է արտահայտում»:
Ինչ վերաբերում է Արտակ Հարությունյանին բերման ենթարկելուն, նա ասաց. «Արտակ Հարությունյանը մի քանի անգամ պահանջեց մարզպետարանն ազատել մյուս կողմի գրավումից: Ոստիկանները չեն կարողանում դուրս հանել այդ մարդկանց: Այս կողմն ի՞նչ պետք է անի: Մենք է՞լ մտնենք պաշարենք: Երեկվանից մարզպետին շինծու մեղադրում են: Դա սադրանք ու շանտաժ է և գիտենք, թե որ ուժերն են այդ ամենի հետևում կանգնած: Դա անհետևանք չի մնալու: Ես փորձեցի ինձ զսպել, բայց այս իրավիճակը նայելով զսպել չկա: Մենք շարժվելու ենք օրենքին համապատասխան»:
Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում և պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը և հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաև մարզպետի և Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:

