fbpx
Խորհրդարան

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ամփոփում

Մայիսի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք (2017թ. 20.285), որոնցից 11 հազար 344-ը՝ Երևանում: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն աճել են 11.2%-ով:

2018 թվականի ընթացքում ծանր հանցագործությունների ավելացումը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Զեկուցողը նշել է, որ բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի խստացման նկատառումներով ՀՀ դատախազությունում մշակվել և ՀՀ Կառավարություն է ուղարկվել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան օրենքի նախագիծ: Արթուր Դավթյանի խոսքով՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակի՝ սպանության մասով: Հիմնական զեկուցողը խորհրդարանի հետ տարբեր ձևաչափերով կառուցողական փոխգործակցության պատրասատակամություն է հայտնել:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են համացանցային խուլիգանության կանխմանը, անցումային արդարադատության ներդրմանը, ձգձգվող դատավարություններին, հանցագործությունների և մասնավորապես բնակարանային գողությունների աճին, դիտավորությամբ գործած զանցանքներին, պետությանը պատճառված վնասներին, իրավապահ համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, դատախազության կարիքների բարելավմանը:

Թե՛ հիմնական զեկուցողը և թե՛ հանձնաժողովի անդամները դատախազության գործունեությունը բարելավելու տեսանկյունից կարևորել են համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվում է քրեորեն պատժելի համարել ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստը՝ անկախ այն հանգամանքից, թե փաստացի որտեղից է անձը դիմել փախուստի: Այս հարցի կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ միայն ազատությունից զրկված անձանց պահելու վայրերից փախուստը քրեորեն պատժելի համարելն անհարկի նեղացնում է հանցակազմի շրջանակները և չի ապահովում քրեաիրավական նորմի պատժիչ և կանխարգելիչ գործառույթների իրացումը: Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է պատժել քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելը:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ Կառավարությունն ընդունել է «Լուսավոր Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացրած մեկական և գործադիրի՝ երկու առաջարկները:

Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Մինչև երկամսյա ժամկետով հետաձգվել են Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ