Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։
Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նախարարի հանձնարարականով մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու համար։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում և փորձում է տեղում լուծել բոլոր հարցերը։
«Եղանակային պայմանների բարելավվելու դեպքում տեմպերն ավելի ենք ավելացնելու։ Ունենք նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն, որոնք զուգահեռաբար անում ենք։ Ինժեներական թիմում կատարել ենք անձնակազմի որոշակի փոփոխություն, ավելի ուժաղեցրել ենք, ինչը բավականին արդյունավետ է աշխատում», – նշեց Ղալեչյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։