ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է բարեփոխված ռազմական ծրագիր, ըստ որի` Մերձավոր Արևելք կուղարկվի մինչև 120 հազար զինվորական, եթե Իրանն արագացնի միջուկային զենքի մշակումը կամ հարձակվի ամերիկացի զինվորականների վրա։ Այս մասին տեղեկացնում է New York Times-ը՝ վկայակոչելով ազգային անվտանգության համար պատասխանատու մի քանի ամերիկացի պաշտոնյաների, որոնք նոր ծրագրին ծանոթ են:
Շանահանը ծրագիրը ներկայացրել է մայիսի 9-ին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով գլխավոր օգնականների հետ հանդիպման ժամանակ:
Նոր ծրագիրը կազմվել է «բազեների» ճնշման ներքո՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ղեկավարությամբ, հայտնում է պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ ծրագրում նշված զինծառայողների թիվը «ապշահար» է արել նրանցից շատերին, որոնք ծանոթացել են դրա հետ, քանի որ գրեթե այդքան ամերիկացի զինծառայող է 2003 թվականին մասնակցել Իրաք ներխուժմանը:
Ընդ որում՝ բարեփոխված ծրագրով չի նախատեսվում Իրանի դեմ ցամաքային գործողություն, ինչի համար շատ ավելի մեծ թվակազմով զորք կպահանջվեր:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Իրանի կողմից սպառնալիքի կտրուկ աճի մասին և դրա հետ կապված տարածաշրջան էր ուղարկել ավիակիրների խմբավորում ու ռազմակավարական ռմբակոծիչներ: