fbpx
Խորհրդարան

ԼՀԿ-ն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը

ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը մասնավորապես տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է:

Խնդիրը, ըստ զեկուցողի, այն է, որ անձիք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները, խնդրո առարկա դրույթներով սահմանված նորմերի կիրառման արդյունքում, մեկնելով արտերկիր, զրկվում են կենսաթոշակի իրավունքից:

Մյուս դեպքում, ծանր անկողնային հիվանդ քաղաքացին, ում ծերության կենսաթոշակն ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկից հրաժարվում են գնալ և ստորագրություն վերցնել՝ նոր քարտ տրամադրելու համար: Երկրորդ տարբերակն էլ անձամբ ներկայանալն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում, ինչը ևս կիրառելի չէ այս քաղաքացիների համար: Հետևաբար, կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմինն ինքը պետք է իր կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներից մեկին ժամանակ առ ժամանակ ուղարկի համապատասխան կենսաթոշակառուներին տեսության:

Մյուս կողմից, «Նորք» միջգերատեսչական տեղեկատվական համակարգում ՔԿԱԳ հատուկ ստորաբաժանումները լրացնում են Հանրապետությունում արձանագրված մահվան փաստերը: Արտերկրում մահվան փաստերի արձանագրմամբ զբաղվում է հյուպատոսական ծառայությունը: Այնտեղ նման խնդրի վարչարարությունն ունի դժվարություններ, սակայն գործող օրենքով ստացվում է այնպես, որ այդ վարչարարությունից խուսափելով՝ պետությունն իր քաղաքացիներին զրկում է կենսաթոշակի իրավունքից, ինչը չի կարող արդարացի համարվել:

Սրբուհի Գրիգորյանն ասել է, որ այդ խնդիրը, ի տարբերություն սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգի, կուտակային կենսաթոշակների դեպքում բացակայում է:

Առաջարկվում է օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռքբերելու դեպքում այդ իրավունքից զրկումը: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվում է մինչև 15 տարի:

Արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասով ևս առաջարկվող նախագծով կգործի լիազորագրի 15-ամյա ժամկետ, որի լրանալուց հետո թոշակառուն կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով նոր լիազորագիր ստորագրել հյուպատոսական կամ իր բնակության երկրում գտնվող որևէ նոտարական ծառայությունում և համապատասխան հաստատմամբ ուղարկել այն Հայաստանի Հանրապետություն՝ կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմին:

Հարակից զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասել է, որ օրենքի նման փոփոխությունների իրագործումը մեծ ծախս կլինի ՀՀ պետբյուջեի համար, դրան պետք է ավելացնել նաև, որ բազմաթիվ երկրներ հրաժարվում են վճարել այն քաղաքացիների կենսաթոշակները, որոնք 45 օրից ավելի գտնվում են երկրից դուրս: Սմբատ Սաիյանն առաջարկել է նախագիծը հանել շրջանառությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ