Գերմանիան, ելնելով անվտանգության նկատառումներից, իր զինծառայողների մի մասը Իրաքից կտեղափոխի Քուվեյթ և Հորդանան: Այս մասին նշված է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի և պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերի՝ Բունդեսթագին հղած նամակում։
Խոսքն առաջին հերթին վերաբերում է Բաղդադում և Իրաքի մայրաքաղաքից ոչ հեռու Թաջի քաղաքում գտնվող զինվորականներին:
Ներկայումս Իրաքում շուրջ 120 գերմանացի զինծառայողներ կան, որոնք տեղական անվտանգության ուժերին պատրաստում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Գրեթե 30 զինվոր բնակեցված է Բաղդադից հյուսիս Թաջի ռազմակայանում, մի քանի զինվորականներ անմիջապես Իրաքի մայրաքաղաքում են, իսկ մոտ 90 մարդ՝ Իրաքի հյուսիսում համեմատաբար հանդարտ քրդական նահանգներում:
«Մենք, բնականաբար, կհարգենք Իրաքի կառավարության ցանկացած ինքնիշխան որոշում: Մենք ընդհանուր առմամբ պատրաստ ենք շարունակելու մեր հուսալի օգնությունը միջազգայնորեն համաձայնեցված շրջանակում, քանի դեռ դա կցանկանա Իրաքը և թույլ կտա իրադրությունը»,-նշված է գերմանացի նախարարների նամակում:

