Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծի քննարկումների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ տարվա ընթացքում 10 կամ 15 հազար դրամ հնարավոր վտանգների առկայության դեպքում մարդկանց հողի հարկի զիջելը դեռ օժանդակություն չէ տնտեսություններին:
Պատգամավորը հավելեց, որ «Գյուղապահովագրության մասին» փաթեթը կառավարությունը քննարկում է, պիլոտային ծրագիրը կիրականացվի երկու մարզերում երեք մշակաբույսերի գծով, հատկապես մի քանի ռիսկերից ապահովագրելու տեսանկյունից՝ ցրտահարություն, կարկուտ, երաշտ:
«Սա ավելի ինստիտուցիոնալ լուծում է, երբ մենք ոչ թե 5 կամ 10 հազար զիջելու ենք հարկը, այլ ապահովագրելու ենք բերքը, այսինքն՝ հնարավոր եկամուտների կորուստն է ապահովագրվելու, որն ավելի էական ու կարևոր խնդիր կլուծի: Գույքային հարկերից ազատման գործընթացը լավ պրակտիկա չէ, մենք, հակառակը, պետք է գնանք կապիտալի հարկման նոր մեխանիզմների ներդրման, ոչ թե գույքային հարկերից մարդկանց ազատելու, մի քանի խնդիր կա՝ զուտ նախագծի իրականացման առումով», – ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իրականացման պրոցեսը և վարչարարությունը, հնարավոր է, այնքան թանկ լինեն, որ կառավարության տեսանկյունից անիմաստ դառնա այդ լծակների կիրառումը: