Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) փորձագիտական հանձնաժողովի այս տարվա հինգերորդ նիստում հաստատվել է 15 պատմամշակութային կառույցներին հուշարձանի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Նշված կառույցները գտնվում են Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում՝ ներառելով ինչպես տեղական, այնպես էլ հանրապետական նշանակության նորահայտ հուշարձաններ։
Երևանում տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի 50 հասցեում գտնվող «Նաիրի» կինոթատրոնի շենքը (1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեի Ա. Չեխովի անվան հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.)։ Լոռու մարզում նման կարգավիճակ է շնորհվել Վանաձորի «Չինական գրախանութի շենքին» (1954 թ.) և Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տանը (XIX դ. II կես)։ Վայոց ձորի Չիվա գյուղի վիմափոր «Ամբարի ջրաղացը» (13-14-րդ դդ․) ևս ներառվել է տեղական նշանակության հուշարձանների ցանկում։
Հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ է շնորհվել Լոռու մարզի Հարթագյուղի դամբարանադաշտին (Ք.ա. III-I հազարամյակ), Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի ստորին պալեոլիթի «Նոր Գեղի-1» բացօթյա կայանին, և Սյունիքի մարզի Կապան քաղաքի ու Առաջաձոր գյուղի խաչքարերին։ Վայոց ձորի Չիվա գյուղի «Վարդանես» գյուղատեղին (10-15-րդ դդ.), դրա գերեզմանոցը (7-14-րդ դդ․) և կոթողները (7-10-րդ դդ․) նույնպես արժանացել են այս կարգավիճակին։
Բացի այդ, քննարկվել են 30 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, ներառյալ Կոտայքի մարզի «Ծաղկավանքի» գյուղատեղիի (VII-XVII դդ.) և Սյունիքի մարզի «Հարանց անապատ» վանական համալիրի (1608-1613 թթ.) նախագծերը։ Այս նախագծերը, համաձայն սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարներին և տարածքային կառավարման պետական մարմիններին՝ վերջնական հաստատման համար։