«Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ:
Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության կողմից իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել անտառապետերի, պահաբաժինների ղեկավար անձնակազմի և անտառահատումներ կատարող անձանց միջև հանցավոր համաձայնության արդյունքում: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ծառահատումները կատարվել են Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առուվաճառքով զբաղվող անձանց կողմից: Նախնական համաձայանության գալով հիմնականում անտառապետերի հետ` նրանց կամ անտառտնտեսության աշխատակիցների կողմից ներգրավված բանվորների միջոցով իրականացվել են ապօրինի ծառահատումները: Անտառապետերի կողմից նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնաճյուղի տնօրենի և տվյալ պահաբաժնի անտառապահի հետ: Բացի այդ՝ պարզվել է, որ ապօրինի ծառահատումների մի մասը կատարվել է նաև պահաբաժնի անտառապահների կողմից:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ են ներգարվվել 18 անձ: Այդ թվում՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի 1 պետական տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի 3 մասնագետ, անտառտնտեսության 2 տնօրեն, 2 անտառապետ, 4 անտառապահ, փայտանյութի առքուվաճառքով զբաղվող և ծառահատում իրականացնող 6 անձ: Նրանցից 9-ին առաջադրվել են մեղադրանքներ ապօրինի ծառահատումներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով վնաս հասցնելու, իսկ մյուսներին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ կատարելու, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդությունների համար:
Պարզվել է, որ հիշյալ անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 101.438.250 ՀՀ դրամի վնաս, որից կամովին վերականգնվել է մոտ 4 մլն դրամը:
Շարունակվող նախաքննության ընթացքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: