Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ:
Կողմերն ընդգծել են, որ 2018 թ. ապրիլի հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան առաջին երկրներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կանգնեց Հայաստանի կողքին՝ հատկապես ընդգծելով շվեդական կողմի oժանդակությունը 2018 թ. դեկտեմբեր 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցության և Ազգային ժողովի կարիքների զարգացման ծրագրերին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի որոշումը վերանայելու իր նախկին քաղաքականությունը և Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի ձևաչափին անցումը, ինչը հնարավորություն է ընձեռում օժանդակությունը դարձնել ավելի ծավալուն և թիրախային:
Նախարար Էրիքսոնն ընդգծել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի և աղբի վերամշակման ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Նա ողջունել է նաև Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հանձնառությունը:
Հունիսի 12-ին ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի հետ:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք առկա են հայ-շվեդական օրակարգում, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիան արմատախիլ անելու իշխանությունների պատրաստակամությանը, ինչպես նաև տնտեսության մեջ գործարարության համար հավասար պայմաններ ստեղծելու հրամայականին, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացնելու համար:
Նախարար Ուոլսթրոմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:
Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ՝ հատուկ շեշտելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքում Շվեդիայի կողմից անհրաժեշտ օգնության ցուցաբերումը: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը Եվրոպական միությանն է ներկայացրել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որի հաստատումը նախատեսվում է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջիկա նիստի ընթացքում:
Նախարար Դալգրենը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, քննարկել է դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բարեփոխումների օրակարգը և մոտակա անելիքները, ընդգծել է այդ ճանապարհը բոլոր միջազգային, այդ թվում եվրոպական գործընկերների հետ անցնելու հայկական կողմի պատրաստակամությունը:
Նա նաև ընդգծել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը, ինչը թույլ կտա աննախադեպ կերպով ընդլայնելու մեր ժողովուրդների միջև շփումները մշակութային, գիտական, կրթական և հումանիտար ոլորտներում: