fbpx
Քաղաքականություն

Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը», որը ներկայացնում է Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը, ինչպես նաև բնագրի պատճենը:

«Հարգելի պարոն վարչապետ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:

Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաեւ կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը եւ բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:

Արագ եւ վճռականորեն իրականացված համապարփակ եւ հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակները: Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր, դատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացում եւ մարդու իրավունքների խախտումների շտկում: Այն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի եւ GRECO- ի եզրակացություններով: Նման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբ, դրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երեւանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակական համագործակցության ակնկալիքով,

Անկեղծորեն Ձեր,

Թորբյորն Յագլանդ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ