ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Գոռ Գևորգյանը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Անուշ Բեղլոյանը նշել է, որ Վիետնամը մեր երկրի համար կարևոր գործընկեր է, և այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Պատգամավորն ընդգծել է Հայաստանի` արևմուտքի և արևելքի միջև գտնվելու աշխարհագրական դիրքը և նշել, որ դա դրական ազդեցություն կարող է ունենալ առևտրային ու տրանսպորտային ուղիների տեսանկյունից փոխգործակցության զարգացման գործում:
Անուշ Բեղլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի և Կորեայի կառավարությունների միջև ստորագրված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը, որը հեշտացված առևտրային տարրեր է ենթադրում ավիացիայի և ռազմարդյունաբերության ոլորտներում: Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով Վիետնամի և Կորեայի Հանրապետությունների միջև եղած բարիդրացիական հարաբերությունները, երկկողմ համագործակցության հեռանկարներ են բացվում նաև այս համաձայնագրի շրջանակում:
Վիետնամի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է իր երկրի տնտեսական ցուցանիշները, կարևորել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հատկապես ընդգծել է զբոսաշրջության զարգացման ու օդային ուղիղ չվերթների իրականացման հարցերը: