fbpx
Իրավական

Սպանությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն․ Խաչատուրյանների ընտանեկան բռնությունն ու հետևանքները

Սոցիալական ցացներում արդեն մի քանի օր է, ինչ ֆլեշմոբ է սկսվել՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, որոնք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ։ Կարելի է ասել, որ քույրերի գործը ամենաաղմկոտներից է Ռուսաստանում ընտանեկան բռնության պատմության մեջ։ Պատմության՝ սոցցանցերում հայտնվելուց հետո հայտնի դարձավ, որ հայրը և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան բռնության է ենթարկել դուստրերին։ Հետաքննությունը ևս ապացուցել է այս փաստը։ Չնայած դրան՝ քույրերին երկար ազատազրկում է սպասվում։ Ռուսական wonderzine.com կայքում Ալեքսանդրա Սավինան ներկայացրել է՝ ինչ է հայտնի Խաչատուրյան քույրերի գործից, և ինչու է կարևոր այս դրան հետևելը։

Հունիսի 14-ին Քրիստինեին, Անգելինային և Մարիային մեղադրանք է առաջադրվել։ Ըստ քրգործի՝ քույրերը մեղադրվում են նախնական համաձայնությամբ խմբակային սպանության մեջ (пункт «ж» статьи 105 УК РФ): Այս դեպքերում քրեական օրենսգրքով նախատեսվում է 8-20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։ Վերջինը, սակայն, չի վերաբերում իգական սեռի ներկայացուցիչներին։ Վերջնական քննության արդյունքները նույնն են։ Փոխվել է միայն սպանության շարժառիթը, որը պաշտոնապես հնչում է այսկերպ․ անձնական ատելություն, որը պայմանավորված է հոր կողմից երկարատև ֆիզիկական և հեգոկան բռնություններով։ Կողմնակիցները կարծում էին, որ սպանությունը կդիտարկվի որպես ինքնապաշտպանություն։

Խաչատուրյան քույրերը Ռուսաստանում հայտնի են դարձել անցյալ տարի։  2018-ի հուլիսի 27-ին շքամուտքում հայտնաբերվել է Միքայել Խաչատուրյանի դին։ Հաշվետվություններում նա նկարագրվում է որպես «57-ամյա տղամարդ՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի հարվածների մահացու վնասվածքներով»։ Իրադարձության մասին տեղեկությունները տարբեր են, սակայն հայտնի է, որ աղջիկները օգտագործել են դանակ, մուրճ և պղպեղի սփրեյ։

Новая газета-ն, հղում անելով գործի նյութերին, գրել է, որ մինչ հարձակումը հայրը հերթական անգամ պատժել է դուստրերին՝ պատճառաբանելով՝ տան բոլոր իրերը «իրենց տեղերում» չեն, գետնին «մի քանի սև մազ» է եղել, իսկ ընտանիքի բանկային քարտից ծախսված է եղել 14 հազար ռուբլի։ Խաչատուրյանը հերթով իր սենյակ է կանչել աղջիկներին և պղպեղ «փչել» նրանց դեմքին։ Երբ աղջիկները առաջին անգամ փորձել են ինչ-որ կերպ հարված հասցնել իրենց հորը, Խաչատուրյանը քնած է եղել, իսկ երբ արթնացել է, չի հասկացել՝ ինչ է կատարվում, և գոռացել է, որ ինքը պետք է լվացվի։ Աղջիկներից մեկը, մտնելով սենյակ, վերցրել է գետնին ընկած պղպեղի սփրեյը, փորձել է փչել և վազել դուրս։ Հայրը դուրս է եկել նրա հետևից, և արդեն աստիճանների վրա մյուս քույրը մի քանի անգամ «դանակով հարվածել է նրան սրտի հատվածում»։

Քույրերից մեկը (անունը չի նշվում) Московский комсомолец-ին պատմել է, որ ցանկացել է ամբողջ մեղքը իր վրա վերցնել, սակայն քույրերի հետ «բոլոր մանրամասները չեն հասցրել պլանավորել»։

«Փոքր քույրս եղածից հետո մեզ հարվածել է դանակով, որ հնարավոր լինի ասել, թե ինքնապաշտպանություն էր։ Բայց վերջում մենք շփոթվեցինք։ Շատ բան էր պետք հաշվարկել, իսկ մենք չհասցրինք, չկարողացանք։ Այդ պատճառով գնացինք ինքնախոստովանության,- ասել է նա։

Քույրերը մեղադրվում են նախապես համաձայնեցված սպանության մեջ, սակայն նրանց պաշտպանները պնդում են, որ նրանք սպոնտան են գործել և եղել են բարդ էմոցիոնալ պայմաններում, ինչի պատճառը իրենց հոր՝ երկար տարիների բռնություններն են։

Գործի հայտնի դառնալուց հետո, սարսափելի մանրամասներ տարածվեցին Խաչատուրյանների ընտանիքում բռնությունների մասին։ Աղջիկների մայրը՝ Աուրելյա Դունդուկը պատմել է, որ ամուսինը ծեծել է իրեն հենց այն օրվանից, երբ իրենք սկսել են մի հարկի տակ ապրել։

«Առաջին անգամը, երբ Սերյոժան (մեծ տղան) ընդամենը 6 ամսական էր։ Ինչ-որ տոն էր, ես գեղեցիկ զգեստով էի, ցանկանում էի մորս տուն գնալ։ Իսկ նա բոլորի աչքի առաջ հարվածեց դեմքիս և ասաց․ «Այս տնից դու երբեք դուրս չես գա, հասկացա՞ր»։ Բոլորը տեսան․ նրա քույրերն էլ, մայրն էլ։ Դրանից հետո ես 5 տարի տնից դուրս չեկա։ Մարիան (փոքր աղջիկը) 1 տարեկան էր, երբ նա թույլ տվեց ինձ քիչ թե շատ դուրս գալ տնից։ Երեխաներին զբոսնելու երբեմն տանում էին քույրերը, խանութ և մանկապարտեզ ևս նրանք էին տանում։ Ես նույնիսկ հեռախոսով խոսելու իրավունք չունեի առանց նրա թույլտվության»,-պատմել է աղջիկների մայրը առաջին հարցազրույցի ժամանակ։

Աուրելիան ասել է, որ բռնությունը ուղեկցել է իրեն ամուսնության ամբողջ ընթացքում («Ամուսնացանք արցունքներն աչքերիս։ Ծեծեց ինձ, ու գնացինք ամուսնանալու»)։ Նրա խոսքերով՝ Միքայել Խաչատուրյանը նվաստացրել է նաև մեծ որդուն՝ Սերյոժային, որ նա «իսկական տղամարդ մեծանա»։ Երբ Սերյոժան մեծացավ, Միքայելը սկսեց նրան էլ ծեծել, իսկ երբ տղան դարձավ 16 տարեկան, վռնդեց տնից։

«Ես նրան օգնել եմ, ինչքան կարողացել եմ, գումարով, ուտելիքով։ Եղել է այնպես, որ շքամուտքում էլ է մնացել ձմռանը․ ոչ մի տեղ չի ունեցել գնալու։ Ես սպասում էի՝ երբ է ամուսինս քնելու, որ Սերյոժային տուն թողնեմ։ Մեր բազմոցի ներսը լայն էր, նա այնտեղ էր թաքնվում ու քնում, իսկ առավոտյան գնում էր։ Մի անգամ ամուսինս նկատեց նրան ու ծեծեց, ինձ էլ սպառնաց՝ ասելով, որ եթե էլի տեսնի, երկուսիս էլ կսպանի։ Կրակեց նրա վրա»,-ասել է մայրը՝ հավելելով, որ տանը զենք կար, և նա ամեն անգամ վախեցնում էր սպանությամբ։

Բոլոր հարցազրույցներում Աուրելյան պատմել է, որ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն, բայց ոչինչ չի փոխվել։ Նրա խոսքերով՝ ամուսինը կապեր ուներ («2000 թվականի կեսին ցուցմունք եմ տվել նրա դեմ, թողել եմ այն աշխատակիցների մոտ։ Հաջորդ օրը նա այն բերել է տուն և պատռել իմ աչքի առաջ»)։ Մոր խոսքով՝ ինքը շատ անգամ է ցանկացել հեռանալ, բայց ամուսինը միշտ իրեն գտել է։

2015 թվականին Միքայել Խաչատուրյանը ինքն է դուրս արել կնոջը տնից։ Աուրելիան պատմել է, որ ամուսինը ատրճանակը դրել է իր քունքին՝ պահանջելով «իրեն մեղքի մեջ չգցել» և հեռանալ։

«Ես հավաքեցի երեխաներին ու ասացի՝ եթե ուզում եք, ես կմնամ, եթե ասեք՝ կգնամ, կուզեք՝ միասին կփախչենք։ Նրանք ինձ հանգստացրին՝ ասելով՝ դու գան, դասավորիր կյանքդ ու մենք էլ կգանք քեզ մոտ։ Ես ոչ մի տեղ չունեի գնալու․ ո՛չ գումար ունի, ո՛չ աշխատանք, ո՛չ տուն։ Իսկ ամուսինս երեխաներին սիրում էր, ինչպես ինձ էր թվում։ Ձեռք չէր տալիս նրանց»,-պատմել է կինը՝ հավելելով, որ դուստրերի հետ հանդիպել է ոչ հաճախ ու գաղտնի՝ չպատկերացնելով, թե ինչի միջով են նրանք անցնում տանը։

Մոր հեռանալուց հետո հորը խնամելու ողջ պարտականությունն ընկնում է քույրերի վրա։

«Նա մեզ ծեծում էր այն ամենով, ինչ ընկնում էր ձեռքի տակ։ Նա, հավանաբար, ցածր ինքնագնահատական ուներ և փորձում էր դրանով ինքնահաստատվել։ Նա մտածում էր, որ կինը ստրուկ է։ Նա ընդհանրապես ոչինչ չէր անում տանը, նույնիսկ ջուր չէր լցնում իր համար, պատուհանը չէր փակում։ Մեզ հրամաններ էր տալիս»,- պատմել է քույրերից մեկը։

Ե՛վ աղջիկների մայրը, և՛ ընկերուհին հիշում են, որ Միքայել Խաչատուրյանը զանգ ուներ, որը հնչեցնում էր, երբ ինչ-որ բանի կարիք էր ունենում, ինչին սկզբում մայրը, հետո դուստրերը պետք է վայրկենապես արձագանքեին։

Հայրը կառավարում էր դուստրերին, հետևում էր՝ ուր են գնում, ում հետ են հանդիպում, իսկ հետագայում սկսեց արգելել նաև դպրոց գնալ։

«Ես ու փոքր քույրս նույն դասարանում էինք սովորում և մեկ տարվա ընթացքում 7 օր ենք դասի եղել։ Մեծ քրոջս նա քիչ թե շատ թողնում էր, քանի որ նա բժշկականում էր սովորում։ Արգելում էր ժամանակակից հագնվել, զբոսնել, օգտվել սոցցանցերից։ Բայց երևի այսքանը հնարավոր կլիներ տանել, եթե ավելի վատ չլիներ․․․»,- պատմել է քույրերից մեկը։

Ֆիզիկական բռնության հետ մեկտեղ Խաչատուրյան քույրերը սկսեցին ենթարկվել նաև ոտնձգությունների և սեռական բռնությունների։ Միջնեկ քույրը հիշում է, որ դրանք սկսվել են, երբ ինքը 14 տարեկան էր։ Սեռական բռնության ենթարկվել են մեծ և միջնեկ քույրերը՝ Քրիստինան ու Անգելինան։ Խաչատուրյանը բռնությունը կոչում էր «օգտակար մերսում»։ Քույրերի ընկերուհին ասում է, որ ոտնձգությունները սկսվել են, երբ Աուրելիային դուրս է արել տնից․ մեծ քույրերը նույնիսկ չափահաս էլ չէին։ Աղջիկների մայրը այս ամենի մասին իմացել է միայն սպանությունից հետո։ Նրանք թաքցրել էին մորից, որ նա չանհանգստանա։

Օգոստոսի 2-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան կալանավորվեցին։ Մոտ 2 ամիս անց՝ սեպտեմբերի վերջին, նրանց խափանման միջոցը փոխվեց․ արգելք դրվեց նրանց գործողությունների վրա․ սահմանափակվեցին նրանց՝ մամուլի հետ շփումները և տնից դուրս գալը։ Փորձաքննությունը փոքր քրոջը ճանաչեց «անմեղսունակ», իսկ մյուս երկու քույրերին՝ «մեղսունակ», քանի որ առաջինը սպանության պահին իր արածների համար պատասխանատվություն չի կրում, իսկ մյուս երկուսը կրում են։

Աղջիկների փաստաբանները կտրականապես չեն ընդունել մեղադրանքը։

«Ոչ մի համաձայնություն չի եղել։ Բռնությունները (նաև սեռական) եղել են անընդհատ, իսկ իրավիճակը՝ հոգետրավմատիկ։ Ինչ վերաբերում է կոնկրետ իմ պաշտպանյալին, ապա նա, ըստ էության, առհասարակ մասնակից չի եղել սպանությանը։ Քրիստինան վազել է սենյակ՝ մտածելով, որ հայրը կրկին բռնության է ենթարկում քույրերին։ Նա փորձել է պղպեղ փչել նրա վրա, բայց նույնիսկ դա չի կարողացել անել։ Նրա գործողություններում նպատակադրված ոչինչ չի եղել։ Այս ամենից հետո դուրս է եղել շքամուտք ու կանգնել այնտեղ։ Սա հաստատված է և՛ հետաքննությամբ, և՛ մյուս քույրերի վկայություններով։ Այնուամենայնիվ, մեր միջնորդությունը՝ դադարեցնելու նրա նկատմամբ քրեական հետապնդումը, մերժվել է»,-հայտնել է Քրիստինայի փաստաբան Ալեկսեյ Լիպցերը։

Փաստաբանը կարծում է, որ հաշվի առնելով գործի հանգաանքները և այն, որ քույրերը տևական բռնության են ենթարկվել, նրանց պետք էր ազատել քրեական պատասխանատվությունից, իսկ գործը հետմահու հարուցել Միքայել Խաչատուրյանի դեմ։

Իմանալու համար, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, պետք է սպասել։ Հետաքննական գործողությունները պաշտոնապես ավարտվել են։

Լիպցերի խոսքով՝ այս շաբաթ նախաքննությոնը պետք է ավարտվի, ինչից հետո բոլոր կողմերին կուղարկվեն գործի նյութերը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ