Աբխազիայի մայրաքաղաքում դպրոց է այրվում։ Կրակի դեմ պայքարում է 100 փրկարար, տուժածներ չկան:
Սուխումի Պուշկինի անվան թիվ երկու ռուսական դպրոցում բռնկած հրդեհի մասին հաղորդումը հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հերթապահ մասն ստացել է Երևանի ժամանակով ժամը 07:40-ին:
Երբ պատահարի վայր են ժամանել փրկարարները, այրվում էր շենքի տանիքը: Տեղի ունեցածի մասշտաբները գնահատելու համար այնտեղ ժամանել է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան:
Փրկարարների խոսքով՝ հրդեհը հաջողվել է մեկուսացնել և թույլ չտալ, որ այն տարածվի հարևանությամբ գտնվող բնակելի շենք: Այժմ տեղում աշխատում է ավելի քան 100 մարդ և 10 հրշեջ մեքենա:
«Շենքի տանիքն այրվել է, բայց մեզ հաջողվել է պահպանել դասասենյակները՝ այնտեղ գտնվող ունեցվածքով: Պատճառների և վնասի մասին խոսելը դեռ վաղ է»,-լրագրողներին պատմել է ԱԻՆ-ի ղեկավար Լև Կվիցինիան:
Ըստ վերջին տվյալների` Սուխումի ռուսական դպրոցում բռնկած հրդեհը մարված է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը:
Հրշեջների գնահատումների համաձայն` բռնկման տարածքը կազմել է մոտավորապես 1,5 հազար քառակուսի մետր: