Մանրամասներ դերասան Վան Սինի առևանգման գործից
Չինաստանի հանրային անվտանգության նախարարության և China Media Group-ի համատեղ թողարկած վավերագրական ֆիլմը բացահայտել է դերասան Վան Սինի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի նոր մանրամասները։ Ինչպես հաղորդում է Global Times-ը, 2025 թվականի հունվարին դերասանին առևանգել և Մյանմարի Մյավադի շրջանի խարդախության կենտրոններից մեկն են տեղափոխել։ Պարզվել է, որ սահմանը հատելուց հետո ընդամենը չորս օրվա ընթացքում նրան վաճառել են երեք անգամ։
Առևանգման սցենարը սկսվել է 2024 թվականի վերջին, երբ Վան Սինը WeChat սոցիալական ցանցում տեսել է դերասանների ընտրության (քասթինգի) հայտարարություն։ «Յան Շիլիու» անունով օգտատերը, ներկայանալով որպես օգնական ռեժիսոր, դերասանին համոզել է մասնակցել նախագծին՝ գնելով Շանհայ-Բանգկոկ ավիատոմս և ամրագրելով հյուրանոց։ 2025 թվականի հունվարի 2-ին Բանգկոկ հասնելուն պես նրան դիմավորել է մի վարորդ, որը, փոխելով նախնական պլանները, դերասանին տարել է դեպի Մյանմարի սահման։
Ահազանգ և փրկություն
Ճանապարհին Վան Սինը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, և հասցրել է իր ընկերուհուն ուղարկել նախապես պայմանավորված «Կատվին կերակրե՞լ ես» ծածկագիր հաղորդագրությունը։ Դերասանի ընկերուհին անմիջապես հայտնել է իրավապահներին, սակայն Վան Սինին արդեն հասցրել էին զինված անձինք առևանգել և տեղափոխել Մյավադի։ Գերության մեջ դերասանը փորձել է փողով ազատվել, սակայն նրան հայտնել են, որ այդ վայրում մարդիկ ավելի բարձր գին ունեն, քան գումարը։
Չինաստանի, Թաիլանդի և Մյանմարի իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում դերասանին հաջողվել է ազատել։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, այդ թվում՝ «Յան Շիլիու» կեղծանունով հանդես եկող անձը, որը ձերբակալվել է Թաիլանդում։ Ֆիլմի հեռարձակումից հետո Վան Սինը շնորհակալություն է հայտնել չինական ոստիկանությանը՝ իրեն փրկելու և հանցավոր խմբերին բացահայտելու համար։

