Նոյեմբերի 4-ին Երևանում «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ընթացքում Թոփչուբաշովի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է արագ և անարգել կապ հաստատել երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Նա ընդգծել է նաև, որ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, միաժամանակ տեղեկացնելով, որ այդ բանակցությունները վերաբերում են Հայաստանի հարավային մարզերի կարգավիճակին, ձևաչափին և այլ ասպեկտներին։
Հուսեյնովի խոսքում կա մի կարեւոր նորություն, որը պարզաբանման կարիք ունի ՀՀ-ի ԱԳՆ-ի կողմից։ Ըստ ադրբեջանցի փորձագետի՝ Հայաստանի ղեկավարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Սյունիքի մարզի կարգավիճակի շուրջ։ Եթե այս տվյալն ընդամենը թարգմանչի սխալի արդյունք չէ, ապա լուրջ հարցեր է առաջացնում՝ ուղղված ՀՀ գործող վարչակազմին։ Կարելի է այս լուրն ընկալել, որ «Զանգեզուրի միջանցք» եզրույթը ոչ թե միայն ադրբեջանաթուրքական քաղաքական խոսույթի մասն է եւ նրանց քաղաքականության պտուղը, այլ նաև՝ միջազգային գործընկերների հետ Հայաստանի վարած բանակցություններում առանցքային մի հանգամանք, որը ուղղված է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ։ Նկատենք, որ առաջին հայացքից կարելի է մտածել, որ իրականում գործ ունենք ադրբեջանցի փորձագետի ակամայից արված սխալի հետ։ Բայց ինքնին այն փաստը, որ կա հայ-ամերիկյան ստվերային մի գործընթաց, որտեղ քննվում է նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, մեզ հնարավորություն է տալիս մտածել, որ Ռուսիֆ Հուսեյնովը ճշմարտությանը մոտ ինչ-որ փաստ է ակնարկել։

