Բանակցվում է, որ Արցախում բանտարկված ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտնվող հայ պատանդների հարազատներն առաջիկայում կարողանան փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել անազատության մեջ գտնվող իրենց ազգականներին: Այս մասին ասել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
Նա ընդգծեց՝ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է:
Անդրադառնալով «հողեր հանձնելու» թեմային, Մայիլյանը նշել է. «Երևի Հայաստանի ներկա իշխանությունները միակ իշխանություններն են, որ ընդհանրապես հող հանձնելու մասին չեն խոսել: Դա անհեթեթություն է և ներքին քաղաքական շահարկումների թեմա է: Բայց ես կխոսեմ իմ դիրքորոշման մասին որպես արտգործնախարար և թեկնածու հավանական: Նաև մենք ունենք այսօր գործող մեր ծրագիրը, որով առաջնորդվում ենք, և այդ ծրագրի մեջ գրված է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման փաստի ճանաչման վրա, այսինքն՝ մինչև այդ ոչ թե ինքնորոշման իրավունքի, մենք այդ իրավունք ունենք և այդ իրավունքն արդեն իրացրել ենք, այդ իրացման փաստն այն է, որ ստեղծվել է Արցախի Հանրապետությունը, այսինքն՝ այս ամբողջ գործընթացը պետք է հիմնված լինի դրա ճանաչման վրա, որովհետև դա է էությունը հակամարտության:
Եթե ինչ-որ հողերից են խոսում կամ համայնքներից են խոսում, դա փորձ է խեղաթյուրել այս համակարտության էությունը, որը կարող է բերել լրիվ ուրիշ զարգացումների, ուրիշ արդյունքների: Ես գիտեմ, որ որևէ փաստաթուղթ սեղանի վրա դրած չկա, և որևէ բովանդակային քննարկումներ հիմա տեղի չեն ունենում:
Հիմա գործ է գնում, աշխատանք է կատարվում միջավայրի ձևավորման համար, քննարկում են, և արդեն այդ քննարկումների արդյունքում մի միջոցառում կազմակերպվել է, երբ Արցախից և Հայաստանի Հանրապետությունից լրագրողներն այցելել են Ադրբեջան, և արդբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ և Հայաստանի Հանրապետություն: Եվ նմանատիպ, այսպես ասենք, վստահության ամրապնդող քայլերի մասինէ խոսքը հիմա»:
Նա հավելեց, որ գաղափարներ կան, օրինակ՝ այս ամռանը բերքահավաքի ժամանակ ավելի զգույշ են եղել կողմերը, չեն խանգարել գյուղացիներին հավաքել իրենց բերքը, որը փաստ է:
»Լրագրողների այցը տեղի ունեցավ, որը 3 պետությունների կողմից է կազմակերպվել: Հենց Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, միջնորդ եղել է դեսպան Կասպրշիկն այս գործում: Նոր գաղափարներից մեկն էլ կա, որը դեռ չի իրականացվել, որ օրինակ՝ Արցախում պահվող դիվերսանտների բարեկամները կարող են այցելել իրենց, և ինչպես նաև հայ այնտեղ գտնվող մեր պատանդներին իրենց բարեկամներն էլ կարող են այցելել»:
Հարցին, թե քննարկվո՞ւմ է այդ գաղափարը, Մասիս Մայիլյանը պատասխանել է. «Քննարկվում է, և համաձայնություն առնվազն մեր կողմից կա, մնում է՝ լինի հենց այդ իրենց հարազատների ցանկությունը, և ինձ թվում է՝ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել: Նմանատիպ տարբեր քայլեր պետք է արվեն, որ այդ միջավայրն ստեղծվի, ռիսկերը նվազեցվեն, այսինքն՝ այն, որ Դուշամբեից հետո հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը, և այս վերջին տարվա մեջ մենք ավելի կայուն իրավիճակում ենք, քան նախորդ տարիների ընթացքում, սա էլ է փաստ: Այս ամենը նպաստելու է, որ ձևավորվի այդ միջավայրը, որը թույլ կտա արդեն կամաց-կամաց անցնել բովանդակային քննարկումներին, որտեղ Արցախի ներկայությունը և այդ ձևաչափի վերականգնումը շատ առանցքային նշանակություն կունենան»:
Աղբյուրը՝ News.am