Ապրիլի 7-ին ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո սա առաջին դեպքը չէ, հաճախակի լսվում են կրակոցի ձայներ, լինում են ոչ կոնկրետ ուղղությամբ կրակոցներ: Հակոբյանի դիտարկմամբ՝ Սարուշենի ուղղությամբ արձակվել են թիրախավորված կրակոցներ, իսկ այն Ստեփանակերտից ընդամենը 30 կմ է հեռու:
Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը բավականին քաջ երիտասարդ է, որը կարողացել էր պատերազմից հետո ամբողջ համայնքը հավաքել, բոլորը վերադարձել են, ավելին՝ տեղահանված հայրենակիցների չորս ընտանիքիներ ևս բնակություն են հաստատել այդ գյուղում:
«Իրենք շատ լավ գիտակցում էին, որ նաև իրենց անվտանգությունը հենց իրենք պետք է ապահովեն, որովհետև Սարուշենն այն ճանապարհի վրա է, որով ադրբեջանցիներն օրվա ընթացքում առնվազն մեկ, լինելում է՝ երկու անգամ իրենց բեռնատարների շարասյունն են անցկացնում: Սարուշեն գյուղը Կարմիր Շուկայի ճանապարհին է »,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է իրենց անվտանգության հարցը և, փաստորեն, արդեն թիրախավորված եղան կրակոցները. «Փառք Աստծո՝ որևէ վիրավորում ստացած անձ, հատկապես՝ զոհ չի եղել, որովհետև նաև հակառակորդը գիտակցում է, որ այսօր այդ անվտանգության երաշխավորը նաև ռուս խաղաղապահներն են և իրենք պատասխան պետք է տան հենց ռուսաան կողմի առջև»:
Հակոբյանը խոսքերով, հակառակորդը չի հերքել, որ կրակել է, սակայն պատճառաբանել են, թե, իբր, հայկական կողմը խրամատներ են փորում և այդ պատճառով են կրակել, մինչդեռ՝ այդտեղ որևէ տրամաբանություն չկա, իրենք շատ լավ տեսել են, որ դա տրակտոր է և գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվում, տեխնիկան խրամատ փորող չէ: Հակոբյանը գտնում է, որ հակառակորդը նպատակն է խուճապ առաջացնել: Մասնավորապես համադրելով վերջին օրերին կատարվածը` գերիների վերադարձի ձախողումը՝ դատարկ ինքնաթիռի վայրէջը, Կարմիր Շուկայի ճանապարհի վերաբերյալ շահարկումները, Հակոբյանն արձանագրեց, որ հասարակության շրջանում կազմակերպված խուճապ են փորձում առաջացնել, որովհետև այդ ճանապարհին հասնելու եղանակներից մեկը մարդկանց խուճապ և վախ մտցնելն է:
Դիտարկմանը, որ թշնամին բնակչությանը ճնշելով փորձում է «հայաթափել» տարածքը՝ այն իր վերահսկողության ներքո թողնելու համար, Հակոբյանը նշեց, որ ոչ միայն թշնամին, որովհետև թշնամին եղել է 30 տարի, մինչդեռ՝ այսօր շատ յուրատուկ կազմակերպված է ամեն ինչը և ակնհայտ երևում է, որ համագործակցություն կա ադրբեջանական կողմի և հայկական կողմի միջև, որովհետև շատ են իրար նման խոսում, գրեթե նախադասություններն էլ նույն կերպ են ձևակերպվում: Նրա խոսքով՝ Հայաստանյան իշխանությունները և ադրբեջանական կողմը միահամուռ ուժերով ճնշելով ցանկանում են իրենց նպատակին հասնել:
Հարցին՝ արդյոք թիրախավորելով Կարմիր Շուկայի ճանապարհը փորձում են անջատել շրջանը՝ Ստեփանակերտից, Հակոբյանը նշեց, որ դա նաև կապող ճանապարհ է Մարտունիի հետ:
«Բացի դա, շրջանառվում են լուրեր, որ ադրբեջանական կողմը պահանջում է Կարմիր Շուկան: Իրենք նման պահանջ չեն դնում, խոսում են ճանապարհի մասին, պահանջում են ճանապարհի վերահսկողությունը, բայց ով եղել է այդ տարածքում, շատ հստակ պատկերացնում է, թե ինչի մասին է խոսքը: Տեսեք՝ չորս գյուղեր, որոնց միջով անցնում է ճանապարհը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ առաջինը Շոշ գյուղն է, որը բավականին մեծ գյուղ է, մինչև պատերազմն արդեն գրեթե զարգացած գյուղ էր և ճանապարհն անցնում է դպրոցի կողքով:
«Պատկերացրեք՝ ճանապարհից մի քանի մետրի վրա դպրոցն է, և, Աստված հեռու պահի, բայց ինչ են անելու, եթե հանկարծ ինչ-որ երեխա ընկնի ադրբեջանական մեքենայի տակ, ո՞վ է դրա պատասխանատուն լինելու»,- շարունակեց պատգամավորը՝ նշելով, որ Շոշից հետո Սարուշեն գյուղն է՝ բավականին զարգացող, ակտիվ բնակչությամբ, հաջորդը՝ հայտնի Կարմիր Շուկան, որը կրկին բավականին մեծ գյուղ է և ճանապարհն ուղիղ մեջտեղով է անցնում, իսկ Կարմիր Շուկայից ավելի աջ՝ Թաղավարտն է:
«Երբ գնում էի Կարմիր Շուկա՝ ադրբեջանական բեռնատարերի շարասյան հաշիվը 30-ից հետո կորցրել եմ, այդքան մեծ շարասյուն էր: Պատկերացրեք՝ օրական, եթե նույնիսկ մեկ շարասյուն անցնի, մարդկանց հոգեվիճակը, ընդ որում՝ հիմա եղանակն ավելի լավ է, մարդկանց մեծ մասը դրսում է: Ադրբեջանցիներն իրենց շատ անվայելուչ են պահում՝ ձեռքերով շարժումներ են անում, նկաում մեր բնակիչներին… Նման պայմաններում ինչքա՞ն կդիմանան մարդիկ »,- նշեց նա՝ հավելելով, որ մարդկանց ստիպելու խնդիր ընդհանրապես չի լինի, մարդիկ ուղղակի կգնան, իսկ դրան զուգահեռ Արցախի նախագահը հայտարարում է, թե ՝ ով հակառակն է ասում, որ պաշտպանված չէ Կարմիր Շուկան, նա դավաճան է, ինչը ծիծաղ է առաջացնում արցախու մոտ:
«Բնականաբար, այդ մարդիկ մեկ-երկու, ու մի օր ուղղակի վստահ չլինելով կթողնեն ու կգնան, իսկ Արայիկ Հարությունյանը շարունակում է իր դարի ծրագրերից խոսել՝ 150 բնակարան կառուցելուց: Տպավորություն է, որ ինքը երկրի նախագահ չէ, այլ՝ ինչ-որ շինարարական ընկերության տնօրեն է դարձել և միայն շինարարական աշխատանքներ է պատկերացնում Արցախում, այլևս որիշ խնդիր չկա՝ ըստ իրեն»,- ընդգծեց Հակոբյանը: