«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու ԶՈւ կոնկրետ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին, և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ադրբեջանցիներն ու այդ երկրի իշխանությունը կարող են ապրել Արցախի հետ համատեղ ու շենացնել տարածքը:
Նաղդալյանը հիշեցրել է մարդասիրական այն կոպտագույն խախտումների մասին, որոնք իրականացնում է Ադրբեջանը՝ մինչև անգամ բուժհիմնարկներ թիրախավորելով, ու այն էլ՝ համավարակի օրերին: Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտումներ են արձանգրվել նաև Հադրութի շրջանում, իսկ պատերազմական հանցագործությունները ոգևորիչ են ադրբեջանիցիների համար: Այն տարածքները, որոնք ժամանակավոր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ավերվում են լիարժեքորեն, որպեսզի բնիկ ժողովուրդն այլևս չկարողանա վերադառնալ իր բնակավայրեր:
«Պատերազմական կանոնների պահպանումը, մարտական գործողություններում իրականացվող քայլերով և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորված հարգանքով է, որ կանոնավոր բանակը տարբերվում է ահաբեկչական խմբավորումից, իսկ պետությունը տարբերվում է ահաբեկչական կազմակերպությունից: Ակնհայտ և միտումնավոր կերպով խախտելով պատերազմական կանոնները և միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանում խրախուսելով ու հպարտության առարկա դարձնելով ռազմական հանցագործությունը՝ Ադրբեջանի իշխանությունն իր վրա է վերցնում այս բոլոր գործողությունների կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները»,- հավելել է մամուլի խոսնակը: