Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։
Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ` Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։
Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
