ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։
«Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։ Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս համատեքստում ընդգծել ենք նաեւ մեր գերեվարված զինվորականների վերադարձը։ Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ»,- նշել է Մհեր Գրիգորյանը։