fbpx
Քաղաքականություն

Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու պետք է աշխատունակ մարդուն նպաստ հատկացվի

Ազգային ժողովի հերթական նիստում, 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019-ի բյուջեն իներցիոն է, որովհետեւ հիմնված է պարամետրերի վրա, որոնք ստացել են որպես ժառանգություն նախորդ իշխանությունից: Փաշինյանը շեշտեց, որ իրենց բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ:

«Բյուջետային մեր քաղաքականությունը եւ ընդհանրապես մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Մենք մեր գործունեության հիմքում դնում ենք աշխատանքի խրախուսման տրամաբանությունը: Մեզ համար կարեւոր է, որ ՀՀ-ում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ այն լինի ներառող: Սա նշանակում է, որ մեր քաղաքական եւ տնտեսական խնդիրն է՝ յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն»,- ասաց նա եւ ընդգծեց, որ իրենք քաղաքական մակարդակում այդ հարցը լուծել են, որովհետեւ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման եւ արտահանման արգելքներ:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ սրանով, ըստ էության, տնտեսական նախապայմանների մի մասն էլ է ապահովված: Առաջիկայում նրանց խնդիրը լինելու է տնտեսական նախապայմանների լիովին ապահովումը: Իսկ դրա համար, ըստ Փաշինյանի, իրենք կատարել են կարեւոր քայլեր:

«Ներդնում ենք նոր հասկացություն` միկրոբիզնես, որն ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն, կլինի գոտիականության խնդիր: Սրանով կփորձենք խրախուսել մարզերում տնտեսական գործունեությունը: Մենք այս միկրոբիզնեսով հնարավորություն ենք տալիս՝ մարդկանց այլ միջոցներով օգնել, ոչ թե ընտրություններից առաջ ընտրակաշառքով կամ այլ մեթոդներով ենք օգնում, այլ գնում ենք ուրիշ ճանապարհով, որ նրանք կարողանան արժանապատիվ վաստակեն իրենց հացը»,- բացատրեց նա:

Նա տեղեկացրեց, որ այս միկրոբիզնեսի համար եկամտահարկը կլինի ոչ թե 23%, այլ օրինակ 5000 դրամ: Նրա խոսքով` հաջորդ հարցը, որ իրենք լուծում են ու խրախուսում են աշխատանքը, դա եկամտային հարկի համահարթեցման նախագիծն է, որ 36-28 տոկոսից իջեցնելու են, դարձնեն 23 %:

«Սրանով խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունը: Այս եւ մյուս փոփոխություններով հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ: Սա նշանակում է նաեւ աշխատավարձերի որոշակի բարձրացում: Եթե եկամտային հարկը նվազում է, դա նշանակում է, որ այդքանով իրենց աշխատավարձն ավելանում է»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` հաջորդ կարեւոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիների վարորդներին արտոնագրային վճարներից ազատելը: «Եթե մարդը անհատ վարորդ է, մենք ասում ենք՝ այդ մարդիկ որեւէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, նրանք կարող են վարել տաքսին առանց լիցենզիայի: Այս որոշման շահառուները փորձագիտական գնահատականներով՝ մոտ 50 հազար են: Դրանով կստացվի, որ Երեւանում անհատ տաքսու վարորդների աշխատավարձը բարձրացնում ենք 12 հազար դրամով, իսկ մարզերում` 8 հազար դրամով»,- ընդգծեց նա եւ նշեց, որ իրենց այս քաղաքականության բացատրությունները տարօրինակ արձագանքների են արժանանում:

Նա նշեց, որ երբ ասում են՝ աշխատանքը խրախուսում են, շատերն ասում են, որ ժողովրդին մեղադրում են ծուլության եւ չաշխատելու մեջ: «Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն, խրախուսել են աղքատությունը: Մարդուն ասել են` դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, մի աշխատի, որովհետեւ, եթե աշխատես՝ մենք քեզ աղքատության նպաստից կզրկենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու պետք է աշխատունակ մարդուն նպաստ հատկացվի: «Մեր քաղաքականությունն ուղղված է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ պետք է այդ օգնությունն ավելի թիրախային տանք: Օրինակ` երեխային. այսինքն՝ նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որ աշխատելու դեպքում կզրկվի այդ նպաստից, այլ երեխան: Երեխայի դեպքում մենք գիտենք, որ նա ունի սոցիալական աջակցության կարիք եւ դրանով պայմանավորված էլ չենք դնի պայման` եթե քո հայրը աշխատի, մենք քեզ նպաստ չենք տա, եթե քո հայրն ունենա անասնագլխաքանակ, մենք կկտրենք քո նպաստը, եթե չունենա՝ չենք կտրի»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ օգնությունը պետք է տալ հասցեական` թոշակառու մարդուն, երեխային, որ իսկապես օգնեն այդ ընտանիքին, այլ ոչ թե այդ ընտանիքին դատապարտեն աղքատության: «Եվ այո, մեր կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը, քաղաքացիներին քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն մեջքը, հավատան իրենց ուժերին, որ կարող են արդյունք ստեղծել: Մենք մեր քաղաքացիներին պետք է կոչ անենք, որ իրենց աղքատության եւ հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն եւ ձեռնարկեն կոնկրետ քայլեր՝ այդ վիճակը հաղթահարելու համար` ստանձնելով կառավարության պարտավորությունը որոշակի ճանապարհ եւ հնարավորություններ ստեղծել այդ քաղաքացիների համար»,- հայտարարեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ դրան զուգահեռ լրջագույն սոցիալական ծրագրեր են իրականացնում 2019-ի բյուջեով: «Կհասնենք արդյունքի, որ ՀՀ-ում 85 հազար նպաստառուները, որոնց ստացած նպաստը եւ թոշակը գտնվում են պարենային գծից ներքեւ, նրանք արդեն կստանան այնքան թոշակ, որ մենք համոզված կլինենք, որ իրենց հացը, սնունդը, գնելու հնարավորություն կունենան: Կուտակային կենսաթոշակների փոփոխության արդյունքում արդեն բարձրացրել ենք 6000 քաղաքացու աշխատավարձ, այդ ընթացքում 14 մլրդ դրամ գումար թողել ենք շրջանառության մեջ: Եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ, միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում ավելանալու է 70 հազար քաղաքացիների եկամուտները»,- եզրափակեց վարչապետը:

Աղբյուր՝ armtimes.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ