Լոս Անջելեսում պատրաստվում են տարվա ամենասպասված կինոիրադարձությանը՝ 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա կիրակի օրը՝ մարտի 15-ին, «Դոլբի» թատրոնում: Կազմակերպիչները հաստատել են, որ «Օսկար»-ի դափնեկիր Էդրիեն Բրոուդին կմիանա հոլիվուդյան աստղերի այն խմբին, որոնք բեմից մրցանակներ կհանձնեն հաղթողներին: Բրոուդիի հետ միասին մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Քրիս Էվանսը, Դեմի Մուրը, Խավիեր Բարդեմը և Զոյի Սալդանան:
Այս տարվա մրցանակաբաշխությունը նշանավորվում է նաև կինոյի պատմության մեջ արձանագրված նոր ռեկորդով: Ռայան Կուգլերի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը ստացել է 16 անվանակարգ՝ գերազանցելով մրցանակաբաշխության նախկին ռեկորդը: Արարողությունը երկրորդ տարին անընդմեջ կվարի հայտնի հաղորդավար Քոնան Օ’Բրայենը: Պրոդյուսերները խոստանում են, որ այս տարվա շոուն ավելին կլինի, քան պարզապես մրցանակների հանձնում, և կընդգծի կինոարվեստի ու երաժշտության կապը:

