«Ազատություն» ռադիոկայանի Facebook-ի ասուլիսի ընթացքում ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է սոցցանցի օգտատերերի հարցերին։
Այն հարցին, թե հուլիսի 12-ի միջադեպից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Ադրբեջանի կողմից հրադադարը ուխտադրուժ կերպով խախտելու մասին, ի՞նչ պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը խախտել է ուխտադրուժ կերպով։
Աննա Նաղդալյանը պատասխանել է, որ հենց առաջին օրվանից իրենք տարածել էինք տեղեկություն, որ ԱԳ նախարարը սերտ կապի մեջ է ԵԱՀԿ համանախագահների հետ։
«Ես իմ ասուլիսներում ասել եմ, թե աշխատանքներ ենք իրականացրել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, շփումներ են եղել նաև ռուս համանախագահի հետ, նաև ռազմական շրջանակների հետ են եղել շփումները, և մենք ասել ենք, որ եղել է հրադադարի պայմանավորվածություն, որը խախտվել է»,- հավելել է խոսնակը։
Աննա Նաղդալյանը Նախիջևանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար ինչ է արվում հարցին պատասխանել է, որ այս հարցը գտնվում է Հայաստանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի գրասենյակների տիրույթում և գաղտնիությամբ պայմանավորված ոչինչ չի կարող ասել, նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ։
https://www.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/759109488193412/?type=2&theater