fbpx
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն աղբահանության խնդրի մասին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ աղբահանության խնդրի մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ:

Այո, կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուծեն աղբահանության խնդիրը: Այսօր ամենահրատապ խնդիրներից մեկը աղբի վերամշակման գործարան ստեղծելն է, որ այդ աղբը տեղից տեղ չտեղափոխվի: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին ինքը առնվազն ինքը իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բան չի փոխվի: Հեղափոխությունը սկսվում է այստեղից, որովհետև դա մեզանից յուրաքանչյուրի փոփոխությունն է: Իշխանության փոփոխությունը բավարար չէ, շատ բան կա փոխելու, և ամեն ինչի փոփոխությունը սկսվում է մեր փոփոխությունից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ սարսափ է ապրել, երբ Նորատուսի խաչմերուկ հասնելուց տեսել է երկու հսկայական խանութ, իսկ դրանցից 10 մետր այն կողմ՝ այդ խանութների չափ աղբ: «Եվ այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, որտե՞ղ է նայում մարզպետարանը: Տպավորություն է, թե այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետև այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ:

Եվ ես շատ լուրջ զբաղվելու եմ այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, նրանք ուզում էին մեզ սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել, մենք մաքրեցինք այդ քաղաքական աղբը, հիմա մենք պիտի մաքրենք ֆիզիկական աղբը, հուսահատության աղբը: Մենք չենք հանդուրժելու մեր մեջ որևէ աղբի գոյությունը: Մեզ բոլոր կողմերից ցանկանում են համոզել, որ դ խեղճ ժողովուրդ ենք, փոքր ժողովուրդ ենք, բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ մենք փոքր ժողովուրդ չենք, մենք, միգուցե, փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ