Ահմեդաբադի ողբերգությունից մեկ տարի անց. հարազատները սպասում են արդարության
Հունիսի 12-ին լրացավ Air India 171 չվերթի ողբերգության մեկ տարին, երբ Ահմեդաբադից թռիչքից կարճ ժամանակ անց Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը վթարի ենթարկվեց՝ խլելով 260 մարդու կյանք։ Օդանավում գտնվող 242 ուղևորներից և անձնակազմի անդամներից ողջ է մնացել միայն մեկը, իսկ գետնին գտնվող 19 մարդ զոհվել է։ Հնդկաստանի Ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոն (AAIB) հայտարարել է, որ վերջնական զեկույցը դեռ պատրաստ չէ՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ տեխնիկական վերլուծություններ:
Հետաքննության կենտրոնում ինքնաթիռի GE Aerospace շարժիչներն են և վառելիքի մատակարարման համակարգը։ Նախնական տվյալներով՝ թռիչքից անմիջապես հետո վառելիքի կառավարման անջատիչները «RUN» (աշխատանքային) դիրքից անցել են «CUTOFF» (անջատված) դիրքի, ինչի հետևանքով շարժիչները զրկվել են վառելիքից։ Այս հանգամանքը դարձել է քննության գլխավոր առանցքը, սակայն մասնագետները զգուշանում են վերջնական եզրակացություններ անել՝ մինչև միջազգային խորհրդակցությունների ավարտը:
Զոհվածների հարազատները դժգոհում են քննության ձգձգումից։ Ողբերգության միակ փրկված Վիշվաշ Կումար Ռամեշը հայտարարել է, որ ընտանիքներին անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր զեկույցներ, այլ հստակ պատասխաններ և թափանցիկություն։ Իրավապաշտպանները նշում են, որ անորոշությունը ավելի է խորացնում տուժածների հոգեբանական տրավմաները։
Ավիաընկերության և Tata Group-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակում են աջակցել զոհերի ընտանիքներին, սակայն հարազատների կողմից հնչող քննադատությունը ցույց է տալիս, որ կողմերի միջև կապը դեռևս անբավարար է։ Boeing-ի համար սա առաջին մահացու վթարն է Dreamliner մոդելի պատմության մեջ, ինչը հետաքննության արդյունքները դարձնում է կենսական նշանակության ողջ ավիացիոն ոլորտի համար։

